Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իրանի դեսպանին

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի` հանդիպմանը Նորին Սրբությունը հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու հանդեպ ցուցաբերած ազնիվ վերաբերմունքի և հարգանքի համար իր գնահատանքը հայտնեց դեսպանին` անդրադառնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը:

Իր հերթին դեսպանը, մշտապես ցուցաբերվող ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը, նշեց, որ Հայաստանից հեռանում է գեղեցիկ հուշերով և վառ տպավորություններով:

Զրույցի ընթացքում խոսվեց Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակի մասին, նաև անդրադարձ կատարվեց հոգևոր առաջնորդների կողմից խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերին:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունն առ Աստված աղոթք բարձրացրեց, որ Տերն Իր խաղաղությունը հեղի ողջ աշխարհի և հատկապես Մերձավոր Արևելքի վրա, որպեսզի տարածաշրջանում վերահաստատվի կյանքի անվրդով ու բնականոն ընթացքը:

Վերջում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հաջողություններ մաղթեց դեսպանին իր հետագա ծառայության մեջ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Scroll Up