Առաջին կուրսեցիների երդման արարողություն՝ Արցախի պետական համալսարանում (լուսանկարներ)

Այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել առաջին կուրսեցիների երդման արարողությունը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ միջոցառումը՝ ներկաները ծաղիկներ են դրել Արցախյան ազատամարտում ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին, որի մոտ էլ անց է կացվել առաջին կուրսեցիների երդման արարողությունը։ Հնչել է ԱրՊՀ օրհներգը:
Այնուհետև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է օրվա խորհուրդը:
«Մեր երկրի զարգացման համար այլընտրանք չունենք: Մենք կարիք ունենք երիտասարդ, գիտելիքներով զինված երիտասարդների , որոնք ոչ միայն ԱրՊՀ-ի տված գիտելիքների պաշարն են յուրացնելու, այլ նաև յուրացնելու են այն ինչ կա համաշխարհային գիտության մեջ:
Այսօր կա այդ հնարավորությունը, և ես համոզված եմ , որ օգտագործելու եք այն»,-ասել է Ա. Ղուլյանը:
«Այսօրվա խորհուրդը տարիների պատմություն ունի. սա մեր կրթօջախի լավագույն ավանդույթներից մեկն է, և բոլորս հավաքվել ենք նշանավորելու առաջին կուրսեցիների մուտքն Արցախի մայր բուհ»,-ասել է ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը և հավելել, որ ուսանողները, երդվելով նվիրվել ուսմանը, պետք է մշտապես հիշեն, որ առաջնակարգ, բարձր պատրաստվածության մասնագետ լինելը դարի պահանջն է, օրվա հրամայականը։
Իր հերթին ներկաներին ողջույնի և շնորհավորանքի խոսք է ասել ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: «Մենք չենք կասկածում, որ տարեցտարի համալսարան է գալիս այնպիսի ուսանողություն, որն ի սկզբանե տրամադրված է սովորելու և տիրապետելու խորը մասնագիտական գիտելիքների։ Համոզված եմ, որ պրոֆեսորա-դասախոսական կազմը ջանք ու եռանդ չի խնայի իրենց գիտելիքները փոխանցելու ձեզ»,- ասել է Ս.Ասրյանը։
Աչքի ընկած առաջին կուրսեցիներին հանձնվել են ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները։
Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ շնորհավորելով առաջին կուրսեցիներին, օրհնել է երդման արարողությունը։ Ուսանողների երդմնակալությանը ներկա էին նաև համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը, համալսարանականներ, հյուրեր, ծնողներ։