ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ժան­-Տեր Մերկերյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ անվանի երաժիշտ Ժան-­Տեր Մերկերյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի ուղերձում ասված է.

«Խորապես վշտացած եմ ֆրանսահայ մեծանուն ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան­Տեր Մերկերյանի մահվան կապակցությամբ: Ժան­Տեր Մերկերյանի կատարողական արվեստը հայկական ու ֆրանսիական մշակութային այցեքարտ էր ողջ աշխարհում: Հայաստանյան ու միջազգային բազմաթիվ համերգասրահներում նրա մատուցած երաժշտությունը մոգական ուժով միավորում էր տարածության ու ժամանակի սահմանները՝ հիացնելով բազմալեզու հանդիսատեսին:

Չափազանց ջերմ էր Ժան-­Տեր Մերկերյանի կապը հայրենիքի հետ, կապ, որի մեջ անսահման սեր ու նվիրվածություն, անկեղծություն ու գորով կար, ինչը մշտապես դրսեւորվում էր Հայաստան նրա յուրաքանչյուր այցի ու յուրաքանչյուր համերգի ժամանակ: Անկեղծորեն ցավակցում եմ անվանի երաժշտի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

Scroll Up