Դիանա Տեր-Կարապետյան.«Սփյուռքի նախարարության ծրագրերի շնորհիվ ավելի կապվեցինք Հայաստանին»

Տիկին Հակոբյանը դեռ նախարարի պաշտոնը չէր ստանձնել, երբ  2008 թվականի սեպտեմբերին ինձ ընդունեց իր  աշխատասենյակում, որտեղ պարբերաբար Հայաստանից և Սփյուռքից գործիչներ էին այցելում: Հանդիպումն անչափ կարևոր էր ինձ համար, քանի որ հնարավորություն ունեի խոսելու մի անձնավորության հետ, ով հետագայում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները զարգացնելու բարձր պատասխանատվությունն էր կրելու:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սփյուռքի նախարարություն ստեղծելու որոշումն անչափ կարևոր քայլ էր Արգենտինայի հայ համայնքի համար: Վերջին պետական կառույցը, որի հետ աշխատել էինք՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն էր:

Հետևաբար, Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպումը շատ կարևոր էր ինձ համար: Պետք է խոստովանեմ, որ ակնկալիքներս իրականացան: Ջերմ հանդիպումը անկեղծ զրույցի վերածվեց:

Մինչև կփորձեի հետաքրքրվել նորաստեղծ նախարարության ծրագրերից, տիկին Հակոբյանը սկսեց սրտացավորեն հետաքրքրվել մեր համայնքի անցուդարձով: Հիացած էի նրա ուժով, խոսքի և գաղափարների ամրությամբ:

Միշտ մտածում էի, թե ինչպես է կարողանալու համակարգել բազմաբնույթ խնդիրներ ունեցող Սփյուռքը:

Մի քանի շաբաթ հետո՝ 2008 թվականի նոյեմբերին, իբրև ՀՀ սփյուռքի նախարար, Հրանուշ Հակոբյանն առաջին այցելությունը կատարեց Արգենտինա, որի ժամանակ էլ ստացա բոլոր հարցերիս պատասխանները:

Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, փառատոների, համաժողովների, հրատարակությունների շնորհիվ, որում գործուն մասնակցություն է ունենում նաև Բուենոս Այրեսի հայ համայնքը, ավելի ենք մոտեցել և կապվել Հայաստանին:

Իսկ Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունների, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեությունը թույլ է տալիս անմիջական և շարունակական կապ պահպանել Հայրենիքի հետ:

Եվ այս ամենն իրողություն է դարձել ընդամենը յոթ տարվա անկեղծ նվիրվածության, զոհողության և հետևողական աշխատանքի արդյունքում,  որի համար խորապես երախտապարտ ենք:

ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման 7-րդ տարեդարձը պատեհ առիթ է ևս մեկ անգամ արտահայտելու մեր հարգանքն ու սերը տիկին Հակոբյանին և նախարարության ողջ անձնակազմին: Հուսով եմ՝ մեր համագործակցությունն ամուր հիմքերի վրա դեռ երկար տարիներ կշարունակվի: Շնորհակալ ենք:

Նորանոր հաջողության ցանկություններով՝

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» շաբաթաթերթի խմբագիր Դիանա Տեր-Կարապետյան.

Արգենտինա, Բուենոս Այրես        

30.09.2015

Scroll Up