10 պատճառ՝ ինչու սիրեցի Հայաստանը. Huffington Post-ի բլոգերը կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով (լուսանկարներ)

Ամերիկյան Huffington Post առցանց պարբերականի բլոգեր Կալպանա Սունդերը, ով գրում է ճանապարհորդությունների մասին, կիսվել է Հայաստանից ստացած տպավորություններով և նշել մի քանի պատճառ, թե ինչու սիրեց մեր երկիրը։
«Դուք գիտե՞իք, որ Հայաստանում ապրում է ամենահին քրիստոնյա ազգը: Եվ որ Շերը, ում իսկական անունը Շերիլին Սարգսյան է, կիսով չափ հայ է։ Հայաստանը սովորաբար առաջին երկիրը չէ, որ Ձեր մտքով կանցնի հաջորդ ճանապարհորդական ուղևորությունը պլանավորելիս։ Այն լեռնային ցամաքով շրջափակված երկիր է՝ գեղեցիկ բնաշխարհով և կենսուրախ մայրաքաղաքով»,- tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է բլոգերը, ով վերջերս է եղել Հայաստանում։
Նա ներկայացնում է 10 պատճառ, որի համար սիրել է երկիրը և որի համար խորհուրդ է տալիս ընթերցողներին Հայաստան այցելել։
Երևանը շատ երիտասարդ տեսք ունի
Բլոգերը զարմացած է, թե ինչ աշխույժ է կյանքը մայրաքաղաքում, որտեղ բոլորն անհավատալի ոճային են հագնվում, իսկ սրճարաններն լցված են անգամ աշխատանքային ժամերին: 1700 տարվա (խմբ. Երեւանը 2797 տարեկան է) պատմություն ունեցող քաղաքի համար Երևանը շատ երիտասարդ տեսք ունի, գրում է նա։
Հայաստանում անհավատալի վանքեր կան: Բլոգերի կարծիքով՝ իր տեսած վանքերից ամեն մեկը մյուսից սիրուն է եղել։
Հայաստանի ազգային խորհրդանիշը՝ Արարատը, չափազանց գրավիչ է, որն այնքան մոտ է, բայց այնքան հեռու…
Հայաստանի սրճարանային մշակույթը, որը բլոգերի նկատած առաջին փաստն է եղել: Նրա կարծիքով՝ դա քաղաքին ավելի եվրոպական և ոչ ասիական մթնոլորտ է հաղորդում։ Քաղաքը լի է սրճարաններով։
Երկրում մեծ քանակությամբ ժամանակակից արվեստի նմուշ կարելի է տեսնել, գրում է հեղինակը՝ իր հիացմունքն արտահայտելով «Կասկադ» համալիրի վերաբերյալ։
Խաչքարերը
Թարմ և չորացված մրգերի բազմազանությունը և թարմ ու օրգանական սնունդը
Փոքր երկրի համար այն բնապատկերի մեծ բազմազանություն ունի։
Գրեթե ամենուր կարելի է երաժշտություն լսել, Հայաստանը երաժշտության վաղեմի ավանդույթ ունի:
Երկրի ժողովուրդն աշխարհի ամենաընկերասեր ժողովուրդներից մեկն է, որոնք շատ հպարտ են իրենց հայրենիքով։