Հռոմի պապը մյուս տարի հավանաբար կայցելի Հայաստան. Կարդինալ Սանդրի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մյուս տարի, հավանաբար, կայցելի Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հնգօրյա այցի շրջանակում այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Պապն ասում է՝ մյուս տարի կայցելեմ Հայաստան։ Չգիտեմ, տեսնենք»,-ասաց կարդինալը։
Լեոնարդո Սանդրիի խոսքով՝ Հռոմի պապը 2016թ. այցելությունների ծանրաբեռնված գրաֆիկ ունի։
«Հայաստան այցը մենք պետք է համատեղենք «Ողորմության սուրբ տարվա» եւ Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Կաթոլիկ եկեղեցու՝ Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված 14-րդ միջազգային տոնակատարության հետ։ Հույս ունենք, որ Պապը ժամանակ կգտնի Հայաստան այցելելու համար»,- մանրամասնեց կարդինալը:
Նշենք, որ Կարդինալ Սանդրին Հայաստան է ժամանել սեպտեմբերի 23–ին հնգօրյա այցով: Սեպտեմբերի 24–ին Գյումրիի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում կարդինալը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոսի հետ մասին նախագահել է եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 27-ին, Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Մյուռոնօրհնեքի արարողությանը, որը կատարվում է յոթ տարին մեկ անգամ:
Կարդինալ Սանդրին ՀՀ նախագահին է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից նրան շնորհված Ոսկե մեդալը: