Հայաստանում ապաստան խնդրողները հիմնականում Ուկրաինայի, Սիրիայի, Իրաքի, Իրանի քաղաքացիներն են
ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն 2015թ. հունվարից մինչև սեպտեմբերի 15-ը դիմել է 237 օտարերկյա քաղաքացի: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը: Նա նշեց, որ Հայաստանում ապաստան խնդրողներից 78-ը՝ Ուկրաինայի, 68-ը` Սիրիայի քաղաքացիներ են, 47-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 44-ն Իրաքի քաղաքացիներ են։ Ամենաքիչը կարգավիճակ են ստացել Իրանի քաղաքացիները` 47 դիմողներից միայն 2-ը:
Ընդհանուր առմամբ ապաստան խնդրած 237 օտարերկրյա քաղաքացիներից փախստականի կարգավիճակ է ստացել 112–ը, որոնք հիմնականում Ուկրաինայի, Իրաքի և Սիրիայի քաղաքացիներ են:
Պետրոս Աղաբաբյանը նշեց, որ 2014թ. համեմատ` Հայաստանում ապաստան խնդրողների թիվը 2015թ. ավելացել է` հիմնականում Ուկրաինայից փախստականների հաշվին, որոնց կեսից ավելին ստացել է կարգավիճակ։
Սիրիայից փախստականների ամենաբարձր հոսքը գրանցվել է 2012թ., երբ Սիրիայում իրավիճակը կտրուկ սրվեց։ Դրանից հետո Հայաստանում ապաստան փնտրողների թիվը նվազել է, միայն 2015թ. նախորդ տարվա համեմատ մի փոքր աճել։
«2014թ. Հայաստանում ապաստան խնդրող օտարերկրացիների թիվը եղել է 226, որոնցից փախստականի կարգավիճակ է ստացել 136–ը: 2013թ. դիմել է 320 օտարերկրացի, որոնցից 259-ին է տրվել փախստականի կարգավիճակ, ամենաշատ դիմել են 2012թ.՝ 579 օտարերկրացի, որոնցից փախստականի կարգավիճակ է ստացել 390–ը»,-ասաց Աղաբաբյանը: