«Կուզեի նորից վերադառնալ Արցախ». չիլիացի երաժիշտ, ով մկրտվել է Արցախում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/չիլիացի-երաժիշտ.jpg)
Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել Էռնեստո Բրավոյի և Կարեն Հակոբյանի համատեղ համերգը, գրում է aparaj.am-ը:
Համերգին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, երաժշտական քոլեջի ուսանողներ, հրավիրյալներ:
Էռնեստո Բրավոյի կատարմամբ հնչեցին ոչ միայն իսպանական և անգլերեն, այլ նաև հայերեն երգեր:
«Ես սիրահարված եմ հայկական մշակույթին և հայկական ֆոլկ երաժշտությանը: Կարծում եմ՝ այսօրվանից հայկական երաժշտությունն ինչ- որ չափով նաև իմն է,- նշում է երգիչն ու ավելացնում,- ես ցանկություն ունեմ իմ երաժշտությանը միացնել հայկական երաժշտությունը և ներկայացնել աշխարհին»:
Նա շատ տպավորված է Արցախով եւ նշում է. «Կուզեի նորից վերադառնալ Արցախ և նորից երգել Արցախի հանդիսատեսի համար»:
Էռնեստո Բրավոն 2-րդ անգամ է այցելում Արցախ: Արցախ կատարած առաջին այցի ժամանակ երգիչն այստեղ մկրտվել է, եւ ինչպես նա է ասում՝ վաղուց երազել էր հենց այս սուրբ հողի վրա մկրտություն ստանալու:
Էռնեստո Բրավոն ծնվել է Սանտիագոյում (Չիլի): Նա ժողովրդական և ռոմանտիկ երաժշտության ակտիվ ներկայացնողներից է, երգում է իսպաներեն և անգլերեն: Էռնեստոն երգում և նվագում է Չիլիի բնիկ ժողովուրդների՝ չարանգոյի (կիթառի նման), պերկուսիայի (թմբուկի նման), քուենայի (փողային գործիք՝ դուդուկի նմանատիպ), հյուսիսամերիկյան երաժշտական գործիքների, ինչպես նաև կիթառի վրա: Ներկայումս աշխատում է ԱՄՆ-ի և Չիլիի ճանաչված երաժիշտների հետ՝ տարբեր երաժշտական նախագծերի շուրջ: