«Լավություն արա, ջուրը գցիր»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/ՍՈւԽ.jpg)
Մեկնարկեց «Ականջդ բեր ասեմ» խորագրով հանդիպումների շարքի երկրորդ փուլը։ Այն կազմակերպվել է «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի և Սփյուռքահայ ուսանողների խորհրդի կողմից և կրում է շարունակական բնույթ։
Ծրագրի երկրորդ փուլի առաջին հյուրը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն էր։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Անուշիկ Ստամբոլցյանը:
Նա նախ պատմեց իր մասին, ապա խոսեց վերոնշյալ հիմնադրամի մասին, որը ստեղծել է ընկերների ու համախոհների հետ, երբ վերադարձել է Հայաստան։ Կառույց, որի նպատակն է անհատապես օգնել յուրաքանչյուր հայրենադարձի և աջակցել նրան իր հայրենիքում։
Այնուհետև հանդիպման մասնակից երիտասարդները հյուրին տվեցին իրենց հուզող հարցերը, ստացան պատասխաններ, ինչպես նաև բազմաթիվ խորհուրդներ։
Վերջում Վ. Մարաշլյանը պատասխանեց բլից հարցերին, որոնք հնարավորություն ընձեռեցին երիտասարդներին բացահայտել Վարդան Մարաշլյանի մարդ տեսակը։ Այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար իր երեխաներին, եթե խոսվեր սիրո ու հարաբերությունների մասին, նա պատասխանեց. «Բոլոր դեպքերում ես նույն բանը կասեմ նրանց՝ Լավություն արա, ջուրը գցիր»։
Նա մասնակիցներին էլ տվեց նույն խորհուրդը և ասաց, որ պետք է լավություն անել դիմացինին, առանց նրանից ինչ-որ բան ակնակալելու։
Վերջում երիտասարդները շնորհակալություն հայտնեցին հյուրին նման հաճելի, օգտակար և արդյունավետ հանդիպման համար։
«Ականջդ բեր ասեմ» խորագրով հանդիպումների շարքի երկրորդ փուլը տևելու է մինչև դեկտեմբեր։ « Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի ղեկավար Աշխեն Մկոյանի խոսքերով ծրագիր ձևաչափը նույն է, բայց այն ունի որոշ կառուցվածքային փոփոխություններ.« Այս փուլում շեշտը դնելու ենք երիտասարդ մասնագետների վրա, որը ավելի մեծ հնարավորություն կտա երիտասարդներին մոտիվացնել և սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչել»։