Սինգապուրում հայ հոգեւորականի տունը թանգարանի կվերածեն (ֆոտո)

1835 թվականին Սինգապուրում կառուցված հայ հոգեւորականի տունը հաջորդ տարի թանգարանի եւ գրադարանի կվերածեն: Այս մասին գրում է straitstimes.com-ը:

Ֆոտոլրագրող Դեսմոնդ Լիմին թույլատրել են նկարահանումներ կատարել տան ներսում, որին ներկայում հետեւում են կամավորները: Աշխատասենյակի պատերին Հայաստանի քարտեզներ են, համայնքից լուսանկարներ, հանդիպումների սրահում՝ հայ Կաթողիկոսների դիմանկարներ:

Լուսանկարներից մեկում սպասքն է, որը Լորետա Սարգսին թողել է հայրը՝ Հարություն Սարգիսը՝ Հարավ-արեւելյան Ասիայում հյուրանոցների ցանցի սեփականատեր հայտնի Սարգիս ընտանիքի ներկայացուցիչը:

Նշենք, որ հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջից: Ներկայում այստեղ գործում է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սիգապուրում Չինական միջազգային ավագ դպրոցի տնօրեն Վահագն Վարդանյանը նշել էր, որ հայ համայնքի ակտիվ խմբում շուրջ 40 մարդ կա:

«Մենք հավաքվում ենք տարին մի քանի անգամ, երբեմն՝ նաեւ ավելի հաճախ: Համայնքի կազմը պարբերաբար փոխվում է, քանի որ հայերի մի մասը ժամանակավոր է բնակվում Սինգապուրում: Սակայն եկեղեցին շարունակում է մնալ հայկական ինքնության կենտրոնը»,- նշել էր նա:

Scroll Up