Սևան Նիշանյանը կտեղափոխվի բաց ռեժիմի բանտ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/Սևան-Նիշանյան.jpg)
Արդեն մեկ տարուց ավելի Թուրքիայի Այդըն Յենիփազար փակ ռեժիմի բանտում գտնվող հայազգի Սևան Նիշանյանը կտեղափոխվի բաց ռեժիմի բանտ: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթին հարցազրույց տված Նիշանյանը հայտնել է, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ին իրեն կտեղափոխեն Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ բանտարկյալների համար պայմանները համեմատաբար ավելի մեղմ են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ակօս»-ի հետ զրույցում Նիշանյանը նաև խոսել է իր բառարանի և նոր նախագծի մասին, որոնց վրա աշխատել է բանտում եղած ժամանակ: Նա տեղեկացրել է, որ բառարանը, որի նախապատրաստման համար 2.5 տարի է պահանջվել, արդեն ավարտուն տեսքի է բերվել, բացի այդ, ներկայումս լեզվաբանը զբաղված է թուրքերենին նվիրված մեկ այլ նախագծով, որի աշխատանքներն արդեն կիսով չափ իրագործված են:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:
Այնինչ, պոլսահայ հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և բիզնեսմեն Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով ազատազրկվել է փակ ռեժիմով բանտում: