«Գութան 2015»-­ը կներկայացնի Կարնո մշակույթի փրկված պատառիկները

«Գութան 2015» Հայաստանի ազգագրական երգի պարի փառատոնը կփորձի վերադարձնել մասնակիցներին սեփական արմատներին: Երկրորդ տարին անցկացվող փառատոնն այս անգամ տեղի կունենա սեպտեմբերի 28-­ին Գաֆէսճեան կենտրոնի քանդակների պարտեզում:

Միջոցառման կազմակերպիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրադարձությունն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի: «Նպատակ ունենք, որ փառատոնն ամենամյա դառնա, դարձնենք այն ազգագրական երգի ու պարի տոն` մեր ժողովրդի համար: Այս փառատոնը նպատակ ունի հավաքել մարդկանց միասին: Շատ ստեղծագործություններ մոռացության են մատնվել, բոլոր խմբերը փորձում են դրանք մատուցել ժողովրդին»,­«Արմենպրես»­-ի փոխանցմամբ` նշեց Արսեն Գրիգորյանը:

Նրա խոսքով` նպատակ կա փառատոնն անցկացնել նաև ամբողջ Հայաստանի տարածքում: «Յուրաքանչյուր խումբ ներկայացնելու է մի տարածաշրջանի մշակույթը: Դրանով փառատոնը նաև ճանաչողական­դաստիարակչական բնույթ է ունենալու»,­-նշեց Արսեն Գրիգորյանը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի­պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը կարևորեց փառատոնի անցկացումը: «Մեր ոլորտի մարդիկ միշտ մասնակցել են մատաղ սերնդին մեր մշակույթը վերադարձնելու միջոցառումներին: Փառատոնը կարևորագույն խնդիր է լուծում` տեսակը պահպանելու և մատաղ սերնդին հայեցի դաստիարակելու առումով: Կներկայացնենք Կարնո մշակույթը, այն պատառիկները, որ փրկվել են»,­-նշեց Գագիկ Գինոսյանը` հավելելով, որ շատ կարևոր է հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը:

Փառատոնի մուտքն ազատ է: Իրադարձությանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Փառատոնին կմասնակցեն «Ակունք», «Մարաթուկ», «Սասուն», «Կարինվ, «Սասնա ծռեր», «Մշո հավքեր» և այլ խմբերը:

Scroll Up