Դիարբեքիրի ոստիկանությունը թալանել է հայ կաթոլիկ եկեղեցին

Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին, սույն տարածքում հայտարարված պարետային ժամի ընթացքում, դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ:
«Դիջլե» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասըրլը թաղամասում գտնվող հազարամյա եկեղեցին մեծապես տուժել է: Ոստիկանները, սակայն, չեն բավարարվել միայն եկեղեցու վրա հարձակմամբ, նրանք գողացել են այստեղ գտնվող որոշ պատմական իրեր, գրում է Արցախպրեսը:
Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Քարագյոզյանը գործակալությանը հայտնել է, որ հայերը պատրաստվում են դատական գործ հարուցել փաստի կապակցությամբ: Նա նշել է, թե եկեղեցին կրել է մոտ 300 հազար թուրքական լիրա գումարի չափով վնաս:
«Ոստիկանությունը եկեղեցի է մտել` կոտրելով պատմական դռները: Ակնհայտ է, որ մեծ հարձակում է գործվել եկեղեցու վրա: Գողացվել են հախճապակու վրա արված մեր 6 պատմական նկարները, ինչպես նաև` պահեստում գտնվող փորագրված պատմական քարերը»,- հայտնել է Քարագյոզյանը։
Մինչ այս էլ Սուրի շրջանում ոստիկանների և Քրդական աշխատավորական կուսակցության անդամների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր Սուրբ Կիրակոս եկեղեցին: