ՀՕՖ-ը Տավուշի մարզում բարեկարգել է մի շարք դպրոցների մարզահրապարակներ և դասասենյակներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/0124.jpg)
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու հարակից սահմանամերձ գյուղերի դպրոցներում 3 մարզահրապարակ, 1 մարզադաշտ, երկու դասասենյակ պաշտոնապես սեպտեմբերի 17-ին ու 18-ին հանձնվելու են աշակերտներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության բաժնից, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում վերանորոգված կամ կառուցված, նոր գույքով հագեցած մարզահրապարակներն ու դասասենյակները ավելի լավ պայմաններ են ստեղծում Բերդի տարածաշրջանի ավելի քան 1000 դպրոցականի համար:
ՀՕՖ-ի ծրագրի շրջանակներում արդեն ավելի քան 10 դպրոց ու մանկապարտեզ է աջակցություն ստացել: Այս տարի դրանց թիվը մեծանալու է: Մասնավորապես, Բերդի թիվ 1 դպրոցում վերանորոգվել ու նորովի կահավորվել է ռազմագիտության դասասենյակը, որը անվանվել է ազատամարտիկ Վահան Բաղդասարյանի հիշատակին:
Վահանը 10-րդ դասարանում զոհվել է հակառակորդի կրակից՝ պաշտպանական դիրքեր զինամթերք մատակարարելու ժամանակ: Նախկինում ՀՕՖ-ի միջոցներով վերակառուցվել էր նաեւ դպրոցի մարզահրապարակն ու ֆիզկուլտուրայի դահլիճը: Դպրոցին տրամադրվել էր նաեւ անհրաժեշտ սպորտային գույք: Մարզահրապարակ եւ սանհանգույց է կառուցվել նաեւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում: Վերակառուցվել է Պառավաքար գյուղի մարզահրապարակը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել դպրոց խմելու ջրագիծ անցկացնելու համար: Միանգամայն նոր մարզադաշտ է կառուցվել ու խոտածածկով ապահովվել Բերդի ավագ դպրոցում: Քաղաքի թիվ 4 դպրոցում վերանորոգվելուց հետո մասնակի կահավորվել է խոհանոցը, սեղանի թենիսի սենյակը: Կառուցվել է նոր սանհանգույց:
Գեղեցիկ, նոր ու հարմարավետ բասկետբոլի եւ ֆուտբոլի մարզադաշտ է կառուցվել Բերդի թիվ 3 դպրոցի աշակերտների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ Այգեպար համայնքում, ինչի շնորհիվ սահմանամերձ գյուղի դպրոցականները կմարզվեն նոր խաղահրապարակում:
Թե՛ Բերդ քաղաքի, թե՛«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրում ընդգրկված գյուղերի կրթական որոշ հաստատություններում դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնք կավարտվեն տարեվերջին՝ համալրելով սահմանամերձ մարզում գրանցած հաջողությունները: