Հայաստանի զարգացման հիմնադրամը հայտարարում է նոր, մասշտաբային ծրագրի մեկնարկի մասին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/ա1.jpg)
Հայաստանի Կառավարությունը Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, «Ամերիա» և ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Հայաստան» ներդրումային համաժողով 2016»-ի իրականացումը, որը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում:
Համաժողովի նպատակն է բարձրացնել Հայաստանի և երկրի գործարար միջավայրի մասին իրազեկվածությունը, ներկայացնել Հայաստանի առկա ներդրումային հնարավորությունները և առևտրային ռեժիմները, կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների և անդրազգային կորպորացիաների հետ:
Համաժողովը կհանդիսանա բարենպաստ հարթակ՝ անդրազգային կորպորացիաների ղեկավարների, ներդրումային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, բանկերի և հայաստանյան հանրային ու մասնավոր հատվածների ղեկավարների միջև հնարավոր արդյունավետ համագործակցություն նախաձեռնելու համար:
«Հայաստան» ներդրումային համաժողով 2016»-ին կնախորդեն նախամեկնարկային տարածաշրջանային շնորհանդեսներ, որոնք կկազմակերպվեն համաշխարհային խոշոր ֆինանսական կենտրոններում` տվյալ տարածաշրջանի ներդրողների համար:
Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի զագացման հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքով, «Գլոբալ համաժողովն իրականացվում է Հայաստանի կառավարության որդեգրված տնտեսության զարգացման քաղաքականության համատեքստում: Այն ուղղված է խթանելու ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, նոր աշխատատեղերի ստեղծմանը և առևտրային հնարավորությունների դիվերսիֆիկացմանը: Տնտեսվարողներին կոչ եմ անում համարձակ լինել նոր մտահղացումների ներկայացման հարցում. Հայաստանի զարգացման հիմնադրամն իր մանդատի շրջանակում պատրաստ է քննարկել, աջակցել մեր երկրի գործարարներին՝ նոր նախագծերը միջազգային ձևաչափերով կազմելու և ներդրողներին ու արտասահմանյան պոտենցիալ գործընկերներին ներկայացնելու հարցում»:
Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլի խոսքով, «Ասիական զարգացման բանկն աջակցում է համաժողովի անցկացմանը, քանի որ հավատում է Հայաստանի ապագային: Հայաստանն ունի տնտեսական աճի մեծ ներուժ և օտարերկրյա ներդրողները պետք է օգտվեն այդ հնարավորությունից: Հայաստանը նպաստավոր երկիր է ներդրումների համար` տնտեսական կառավարման, գործարար միջավայրի բարենպաստության, մրցունակ աշխատուժի և նմանատիպ այլ առավելությունների շնորհիվ: Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը ներդրումային միջավայրը բարելավելու ուղղությամբ` մեզ վստահություն և լավատեսություն են հաղորդում»:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն
Հեռ.՝ 011 59 78 08, էլ-փոստ՝ press@dfa.am
Հասցե՝ ք. Երևան, Մ. Մկրտչյան 5