Թուրքիայում ծայր առած բռնությունները կարող են մասսայական բնույթ ստանալ. Եվրոպահայերի կոչը

Վտանգ կա, որ փոքրամասնությունների կյանքին սպառնացող ծայր առած նոր խուլիգանությունները կրկին մասսայական բնույթ ստանան, ինչպես դա պատահեց 1955թ. սեպտեմբերի 6-7-ին կազմակերպված «պոգրոմներով»: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի հայերի համագումարը, որը կոչով դիմել է եվրոպական բոլոր կառույցներին:

Հայտարարություն-կոչում, մասնավորապես, ասվում է.

«Թուրքիայից հասնող արյունալի լուրերը խիստ մտահոգիչ են: Թուրք ամբոխի կողմից տասնյակ քաղաքներում ազգային ատելության հողի վրա կազմակերպվող ցույցերը կասկած չեն թողնում, որ իրականացվող մարդասպանությունները, արյունահեղությունն ու ազգային ատելության այս արշավը ղեկավարվում է մեկ ընդհանուր կենտրոնից:

Սպանվել են տասնյակ քաղաքացիներ, հրդեհվել ու թալանվել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  գրասենյակները, էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների մաս կազմող պարզ քաղաքացիների վաճառատներն ու խանութները, եւ վտանգ կա, որ փոքրամասնությունների կյանքին սպառնացող ծայր առած նոր խուլիգանությունները կրկին մասսայական բնույթ ստանան, ինչպես դա պատահեց 1955թ. սեպտեմբերի 6-7-ին կազմակերպված «պոգրոմներով»:

Նկատի ունենալով վերոնշյալը.

Կոչ ենք ուղղում Եվրոպական կառույցներին, հնարավոր բոլոր միջոցներով անհապաղ միջամտել եւ անմեղ քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը հնարավորինս շուտ կանխել:

Հիշեցնում ենք, որ Թուրքիայում տակավին գործում է, պաշտոնական ատելություն քարոզող Սահմանադրության տխրահռչակ 301-րդ հոդվածը, որով արդարացվում է փոքրամասնությունների կյանքի եւ ունեցվածքի դեմ ցանկացած ոտնձգություն:

Հապաղումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ»:

Scroll Up