Արցախը նրան վերադարձնում է իր արմատներին

Կան հայեր, ովքեր ապրելով օտար երկրներում, կարեւոր ներդրում են ունենում Հայաստանի վարկանիշի եւ առհասարակ Հայաստանի զարգացման եւ բարգավաճման գործում: Հաճախ նրանց անուններն այդպես էլ անհայտ են մնում, ոմանց մասին էլ  բարեբախտաբար իմանում ենք: Նրանցից մեկն էլ Վալենտինա Կարախանյանն է՝ Վատիկանի արխիվի հետազոտողներից մեկը, ով  ամուսնու՝ Լորենցո Նատալեի հետ  օրերս այցելել էր Արցախ:

«Ապառաժ»-ը հնարավորություն ունեցավ ծանոթանալու նրա գործունեությանն ու ապագա ծրագրերին:

Վալենտինա Կարախանյանը ծնվել է Ջավախքի Ախալցխեյի շրջանի Սխվիլիսի գյուղում, ինչպես ինքն է ասում՝  հայկական արմատներին ամուր կառչած գյուղացու ընտանիքում:  Ընտանիքը հաճախում էր տեղի կաթոլիկ եկեղեցի, որտեղ էլ փոքր տարիքից Վալենտինան երգեհոն էր նվագում:

«Մի օր եկեղեցու մենակատարը չկար, եւ ինձ խնդրեցին երգել նրա փոխարեն. պարզվեց՝ ինձ մոտ ավելի լավ է ստացվում երգելը, քան նվագելը»,-  նշում է Վալենտինան ժպիտով:

Այդ դեպքից հետո երգը պետք է իր ավելի լուրջ մասնագիտությունների  հետ համատեղ ուղեկցեր նրան:

Մինչեւ 8-րդ դասարանը սովորել է ռուսական դպրոցում, սակայն միշտ երազել է հայկական կրթության ստանալու մասին, եւ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողները նրան փոխադրել են  հայկական դպրոց:

16 տարեկանում, կրթությունը շարունակելու համար,  Հայաստանում առաջին հայ կաթոլիկ առաջնորդ արքեպիսկոպոս հայր Ներսես Տեր-Ներսեսյանի միջոցով փոխադրվել է Հռոմ:

Հռոմի Ուրբանյան համալսարանի աստվածաբանության եւ փիլիսոփայության բաժնի բակալավրի աստիճան ստանալուց հետո ընտրեց  համալսարանի հոգեբանության բաժինը: Նա ջանք չէր խնայում ուսման մեջ հաջողությունների հասնելու համար:

«Պետք էր բավական բարձր գնահատականներ ունենայի, որպեսզի կարողանայի ընդունվել, հետո էլ շարունակել ուսումս, եւ, բարեբախտաբար,  ինձ մոտ ստացվեց»,-նշում է նա:

Ուսման տարիներին նաեւ աշխատում էր,  որովհետեւ ընտանիքը հնարավորություն չուներ նրան Եվրոպայում պահելու:

Վենետիկի Ca Foscari  համալսարանի հոգեբանության ֆակուլտետի վերջին կուրսի ընթացքում հաճախում էր Պո-Արաքս մշակութային ընկերակցության կողմից կազմակերպած  հայերենի դասընթացների:

«Կարող եմ ասել, որ մեծամասամբ  հայերենի գիտելիքներս հարստացրել եմ Իտալիայում»:

Ուսումն ավարտելուց հետո նրան առաջարկել են աշխատել ՀՀ դեսպանատանը,  որտեղ աշխատել է մինչեւ վերջերս՝ միաժամանակ շարունակելով իր հետազոտական աշխատանքները:

 Սակայն այսքանով չավարտվեց նրա ուսումնառությունը: Նա ընդունվեց արխիվիստիկայի` պալեոգրաֆիայի եւ դիվանագիտության վատիկանյան դպրոցը, որը երկու տարին մեկ աշխարհի տարբեր երկրների դիմորդների համար  30 տեղ է տրամադրում:  Դպրոցն ավարտելուց հետո  Վալենտինան  Վատիկանի գաղտնի արխիվներում  հետազոտությամբ է զբաղվում:

«Ինձ համար դա նախախնամություն էր, որովհետու իմ կյանքի երազանքն է եղել` ուսումնասիրել եւ կապ ունենալ այն ամենի հետ, ինչն ինձ մոտ է: Ես մեծացել եմ փոքր, սակայն մտերմիկ կաթոլիկ միջավայրում: Պատանեկությունս ու երիտասարդությունս անցկացրել  եմ մի քաղաքում,  որն ամբողջությամբ կաթոլիկ էր: Սկզբում ինձ թվում էր՝ մի մեծ տաճարում եմ գտնվում»:

«Շատ է խոսվում Հայոց Ցեղասպանության գաղտնի  փաստաթղթերի մասին, այն մասին,  թե ինչ է պարունակում Վատիկանը, ինչն է լույս տեսել, ինչն է, որ չեն թողնում, ինչն է գաղտնի. իսկ  գաղտնի բառը բոլորիս գրավում է՝ ձգողական մի բան ունի իր մեջ: Ես ինքս ցանկություն ունեի հասնել այնտեղ:

Այժմ իտալացի գործընկերոջ՝ Օմար Վիգանոի  հետ Վատիկանի արխիվներում ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը, եւ այս տարվա նոյեմբերին պատրաստվում են գիրք հրատարակել, որտեղ ամփոփված կլինեն բոլոր փաստաթղթերն ու նամակները:

Վալենտինան հուսով է, որ գիրքը կթարգմանվի նաեւ  հայերեն եւ  անգլերեն:

Գրքի ֆինանսավորման մասին խոսելիս Վալենտինան նշում է, որ դա  մի աշխատանք է, որի դիմաց  փոխհատուցում չի կարող ակնկալել, պահանջել կամ սպասել: Նրա խոսքերով՝ դրա հատուցումն այլ ձեւ է լինելու՝  հոգեկան բավարարության ձեւով:

«Առկա են Վատիկանի արխիվների տպագրություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնք  ժամանակագրական հերթականությամբ տեղադրված նամակներ են, որ  երեւի դժվարությամբ կհասկանան այն մարդիկ, ովքեր Ցեղասպանության մասին քիչ տեղեկություն ունեն: Օմար Վիգանոյի հետ որոշեցինք ամեն ինչ հավաքել եւ մատուցել ընթերցողին ավելի մատչելի եւ հասկանալի լեզվով, նամակները հրապարակել՝ հյուսելով պատմության հետ այնպես,  որ նամակներն ու փաստթղթերը պատմեն պատմության մասին: Մենք ոչինչ չենք ավելացրել՝ բացի ստույգ պատմական փաստերից»:

Ուսումնասիրությունների  ընթացքում նրանք հայտնաբերեցին մի շատ հետաքրքիր գիրք, որը «սպիտակ գիրք» է կոչվում եւ որն առաքվել էր աշխարհում Վատիկանի տարբեր ներկայացուցչություններին դեռեւս 1916 թվականին: Այդ գրքում ամփոփված են  առաջին աշխարհամարտի վերաբերյալ Վատիկանի դիրքորոշումները: Իսկ գրքի մի մեծ հատված հատկացված է Հայոց ցեղասպանությանը:

Դա մի փաստաթույթ է, որ մինչեւ հիմա լույս չի տեսել: Հրապարակման տարիներին, լինելով ներքին շրջաբերական, վերապահված էր միայն դիվանագետների օգտագործմանը:

Վալենտինան նշեց, որ մինչեւ հիմա իրենց ուսումնասիրածն ու հայտնաբերածն ըստ էության չի տարբերվում  Ֆրանչեսկոս պապի հայտարարարություններից:

«Պապի հայտարարությունը շատ դիպուկ էր, սակայն դա ի սկզբանե եղել է Վատիկանի դիրքորոշումը»:

Առաջիկա աշխատանքների եւ պլանների մասին խոսելիս` Վալենտինան նշեց, որ մեծ ցանկություն ունի նաեւ գիրք հրապարակել Վատիկանի արխիվներում առկա ՀՀ Առաջին Հանրապետության վերաբերյալ փաստաթղթերի մասին:

«Ես մեծ ցանկություն ունեմ Վատիկանից ձեռք բերել այդ փաստաթղթերը, ինչը մեծ աշխատանք է պահանջում եւ մեծ գումարների հետ է կապված: Իմ միակ մտավախությունն այն է, որ Հայոց ցեղասպանությանը եւ ՀՀ Առաջին Հանրապետությանն առնչվող փաստաթղթերի մեջ կան փաստաթղթեր, որոնք գրված են գրամեքենայով.  թանաքի որակը լավ չի եղել եւ այդ գրերը կամաց կամաց կորցնում են իրենց գույները:  Պետք է ռեսուրսներ գտնել եւ այդ փաստաթղթերը թվայնացնել:

Վալենտինան վստահ է, որ վերջին տարիներին իտալացիները շատ են հետաքրքրվում հայերի եւ առհասարակ քրիստոնյանների ջարդերով:

«Եվրոպան հիմա կարծես թե բացում է աչքերը` տեսնելով 100 տարի առաջ իրագործված ոչ միայն հայերի, այլեւ  քրիստոնյանների ջարդերն ու տառապանքները: Իտալիայում շատ մեծ ճանաչում ստացավ Հայոց ցեղասպանությունը  Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքից,  այնուհետեւ  ֆիլմից  հետո»:

 Վալենտինան անմասն չէ Հայոց ցեղասպանության մասին պատմող այդ հանրահայտ ֆիլմից: Ֆիլմում հնչող «Ով սիրուն, սիրուն» երգը հենց նա է կատարում:  Ֆիլմի որոշ մասերի կոմպոզիցիան  նաեւ նա է  կատարել:

Ինչպես նշել էինք, երգը միշտ ուղեկցել է նրան: Հռոմ տեղափոխվելուց անմիջապես հետո երգում էր Հռոմի  Լեւոնյան վարժարանի երգչախմբում:  Այսօր այնտեղ գործում է քառաձայն երգչախումբ, որն ինքն  է վարում: Հայկական պատարագներին այսօր նաեւ իր իտալացի ամուսին Լորենցո Նատալեն է մասնակցում:

Խոստովանում է, որ միշտ ցանկություն է ունեցել վերադառնալ Հայաստան կամ Ջավախք: Սակայն հասկացել է, որ դրսից գուցե ավելի մեծ օգուտ բերի հայությանը:

Վալենտինան Աշոցքի Տիրամայր Նարեկի  իտալական հիվանդանոցի ներկայացուցիչն է Իտալիայում: Հիվանդանոցը երկրաշարժից հետո Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս երկրորդը նվիրեց Հայաստանին, եւ ինչպես նա է ասում`  կարծում էր, որ  ամենատրամաբանականը հայրենիք վերադառնալն եւ այնտեղ աշխատել էր:

«Իմ գործը կայանում է միջոցներ հայթայթելու հիվանդանոցի համար, որովհետեւ այդ շրջանում կենսական նշանակություն ունի հիվանդանոցը»:

«Առաջ քայլելով` նոր դռներ  ու ճանապարհներ են բացվում, երբ ինձ թվում էր, թե տվյալ բանը մաքսիմումն  է, որ կարող եմ անել: Այսօր 36 տարեկան եմ, եւ հասկանում եմ, որ դա  ընդամենը սկիզբն էր»:

Վալենտինան խոստովանում է, որ Արցախ այցը նրան նախ եւ առաջ վերադարձնում է իր արմատներին, նոր լիցքեր հաղորդում եւ նաեւ պարտավորեցնում ավելի մեծ եռանդով աշխատել:

«Հայրս, 10 տարի է, ինչ մահացել է,  սակայն նա միշտ մեզ ասում էր, որ մեր երկիրը Հայաստանն է: Այդ ներքին զգացումը միշտ ուղեկցել է ինձ, սակայն այն լավագույնս այստեղ եմ զգում,  Հայաստանի այս հրաշալի մասնիկում՝ Արցախում: Այստեղ ականատեսը եղա  այն բանի,  որ ամուր ընտանիքներն են  ամեն ինչի հիմքն ու հումուսը: Արժանապատվությունն ու  սեփական հողի նկատմամբ հարգանքն ամեն քայլափոխի ուղեկցում են քեզ Արցախում: Ես եւ ամուսինս դեռ կվերադառնանք եւ մեր ջանքերը չենք խնայի Հայաստանի համար, որն իր մեջ ներառում է նաեւ Արցախը»:

Scroll Up