Ավստրալիայի նոր վարչապետը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցն է

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը ողջունում է Մալքոլմ Թերնբուլի ընտրությունը՝ Ավստրալիայի վարչապետի պաշտոնում։

Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը:

Գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը նամակ է ուղարկել երկրի նորընտիր վարչապետին։ «Մենք ողջունում ենք Մալքոլմ Թերնբուլի ընտրությունը ՝ Ավստրալիայի վարչապետի պաշտոնում։ Հայերին առնչվող հարցերում նրա նախկին գործունեությունը տպավորիչ է, ու մենք անհամբերությամբ սպասում ենք այդ ամուր հարաբերությունների շարունակությանը»,- ասել է հայ-ավստրալական կազմակերպության ներկայացուցիչը ՝ շնորհակալություն հայտնելով նաեւ հեռացած վարչապետ Թոնի Էբոթին։

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը ձգտում է հանդիպում կազմակերպել երկրի նորընտիր վարչապետի հետ՝ նրա հետ Ավստրալիայի հայ համայնքի համար կարեւոր խնդիրների լայն շրջանակ քննարկելու նպատակով։

Նշենք, որ Թերնբուլը, Ավստրալիայի հայկական համայնքի վաղեմի բարեկամը, Հայոց ցեղասպանության ճանաչման վառ կողմնակիցներից մեկն էր երկրի խորհրդարանում։ 2013 թ նոյեմբերի 23–ին, լինելով հեռահաղորդակցությունների նախարար, նա ներկայացուցիչների պալատում հանդես էր եկել ելույթով՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունները։

Այդ ժամանակ, անդրադառնալով ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի պատվիրակության այցին, նա ասել էր. «Այդ մարդիկ, ինչպես եւ մենք, հավաքվել են այստեղ, որպեսզի հարգեն մարդկության դեմ ամենամեծ ոճրագործություններից մեկի զոհերի հիշատակը։ Ոճրագործության, որը ոչ միայն հույների, ասորիների ու հայերի դեմ էր, այլեւ մարդկության դեմ, երբ բնաջնջել, կախաղան են հանել ու ու սպանել միլիոնավոր մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք տարբեր էին։ Հանցագործության այդ տեսակը, ցեղասպանության հանցագործության այդ տեսակը, ցավոք, եզակի չէ պատմության մեջ»։ Թերնբուլը նաեւ Թուրքիային էր կոչ արել ճանաչել Օսմանյան կայսրության գործած ցեղասպանությունները։

 

Scroll Up