Մոսկվայի «Հայորդյաց տանը» սեպտեմբերը մեկնարկեց 330 առաջին դասարանցիով

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայի «Հայորդյաց տունն» իր դռները բացեց 330 առաջին դասարանցիների առջև։ Նրանցից յուրաքանչյուրը մի հավատով և ակնկալիքով էր ոտք դնում կրթօջախ․ ոմանք եկել էին սեփական կամքով, մյուսներին դպրոց էր բերել ծնողների հորդորը, կային նաև ծնողներ, ովքեր իրենց կյանքի 4-րդ, 5-րդ տասնամյակում որոշել էին ուղղել բացթողումը և վերջապես հայերեն սովորել։ Այս մասին Մոսկվայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Արմինե Կարեյանը:

Առավոտյան դիմավորելով սաներին՝ կրթօջախի հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանն ու տնօրեն Հմայակ Գևորգյանը ծնողներին հորդորեցին հետևողական լինել այցելությունների հարցում և ամեն ինչ անել, որպեսզի իրենց զավակները հայերեն խոսեն ոչ միայն դպրոցում, այլև տանը։

«Հայորդյաց տան» ավագ տարիքի առաջին դասարանցիները ևս սրտի թրթիռով էին սպասում առաջին դասին, քանի որ կրթօջախը՝ իրենց ազգության հասակակիցների հետ շփվելու և, օրերից մի օր, ծնողների մոտ՝ ձեռք բերած նոր գիտելիքներով պարծենալու hնարավորություն է նաև տալիս։

Դիմելով 18-ից բարձր տարիքային խմբի առաջին դասարացիներին՝ Տեր Առաքել Ամիրյանը նրանց փոխանցեց ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունը և Տերունական աղոթքից հետո ասաց․ «Դուք այստեղ եք, որ եկեղեցապատկան այս կրթօջախը հզորանա ձեզանով, դուք էլ հզորանաք եկեղեցով։ Դուք այստեղ եք հայեցի դաստիարակություն ստանալու համար, քանի որ ձեր մեծ մասը շուտով ընտանիք է կազմելու, իսկ եթե այդ ընտանիքում չգերիշխի սերը, հոգևորն ու հայկականը, ապա այն ամուր հիմք ունենալ չի կարող և կսասանվի անգամ աննշան քամուց։ Իսկ հայ ժողովուրդը կանգուն է իր ամուր ընտանիքներով, իր Եկեղեցով, քանի որ հենց Եկեղեցին է պետականության բացակայությամբ դարեր շարունակ ազգապահպանության և լինելիության երաշխավորը եղել։ Եվ այսօր, հայրենիքից հեռու հիմնած այս կրթօջախում կրկին շարունակում է հոգալ իր զավակների գիտելիքների և միասնականության մասին»։

Սաների՝ ուսուցիչների հետ ծանոթացումից առաջ տնօրեն Հմայակ Գևորգյանը փաստեց, որ «Հայորդյաց տունը» մի վայր է, որտեղից մեկընդմիշտ հեռանալ չի լինում, իսկ դրանում կհամոզվեն ուսումնառության ընթացքում․ «Տարեցտարի ավելացող դիմորդների թիվը փաստում է, որ «Հայորդյաց տունը» կատարում է իր առջև դրած խնդիրները։ Մեզ մոտ ուսանելու են գալիս տարբեր տարիքի մարդիկ և ուսումնառությունից հետո փաստում են, որ տարիների ընթացքում գտել են այն մասնիկը, որն իրենց պակասում էր իրավամբ հայի ինքնագնահատանքի համար։ Ուստի ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը գտնի իրենից պակաս այդ մասնիկը՝ միաժամանակ դառնա հայկական մշակույթի կրողը»։

Հարկ է նշել, որ «Հայորդյաց տուն» ընդունվելու ցանկություն ունեցողների թիվը տարեցտարի ավելանում է, սակայն կրթօջախի շենքային պայմաններն արդեն բավարար չեն կիրակի օրերին նման հոսք ընդունելու համար։ Տնօրենության որոշմամբ, բացի հինգշաբթի օրերին անցկացվող հայերենի լրացուցիչ պարապմունքներից, այսուհետ որոշ առաջին դասարանցիների համար ուսումնական օր կլինի նաև շաբաթը։ Սա կրթօջախի ղեկավարության կողմից կատարված յուրօրինակ քայլ է, որի նպատակը կրթօջախի սաներինն ընդառաջելն ու հայերենին ավելի լավ տիրապետելու հնարավորություն տալն է։

13 45 67 8

Scroll Up