ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Բելառուսում մնալ առանց գրանցման

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով Բելառուսի Հանրապետություն ժամանած Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին 30 օր հաշվառման կանգնելու պարտավորությունից ազատվելու և նույն որոշումը Բելառուսի քաղաքացիների` ՀՀ ժամանելու դեպքում ընդունելու նախագծին:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գործադիրի նիստում նշեց, որ այդ նպատակով Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև կկնքվի «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրություն: Դրան հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

Ներկայացված իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության 2013թ. դեկտեմբերի 24-ին հաստատված «ճանապարհային քարտեզի» 231-րդ կետի իրականացման պահանջով: Նշված կետով սահմանվում է, որ ՀՀ և ԲՀ տարածքում միմյանց քաղաքացիների գտնվելու կարգի մասին երկկողմ պայմանագիր կստորագրվի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին ՀՀ միանալուց հետո` Հայաստանի և Բելառուսի միջև համաձայնեցված ժամկետներում:

ԵԱՏՄ մասին պայմանագրի XXVI բաժինը կարգավորում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերը, այդ թվում` ԵԱՏՄ մի անդամ պետության՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ աշխատանքի տեղավորվելու նպատակներով մյուս անդամ պետության տարածք ժամանած քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների` 30 օր գրանցման (հաշվառման կանգնելու) պարտավորությունից ազատումը:

«Ճանապարհային քարտեզի» 233-235-րդ կետերով նախատեսվում է մի կողմից` Հայաստանի, մյուս կողմից` Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև երկկողմ պայմանագրերի կնքում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների` միմյանց տարածքում գտնվելու կարգի վերաբերյալ: Ի կատարումն 233-րդ կետի` 2014թ. հուլիսի 20-ին համապատասխան համաձայնագիր ստորագրվել է  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, որն ուժի մեջ է մտել 2015թ. մարտի 20-ին:

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի ապրիլի 8-ին Աստանայում կայացած նիստի արձանագրության 4-րդ կետի եզրափակիչ մասի 2.1 ենթակետը` ՀՀ և ԲՀ քաղաքացիների միմյանց տարածքում գտնվելու կարգի իրավական ձևակերպման նպատակով կազմվել է «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության նախագիծը:

Արձանագրության կնքման արդյունքում կկարգավորվեն ՀՀ համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներից մեկում` միգրացիայի ոլորտում Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության կարևոր նշանակություն ունեցող հարցեր` ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ԲՀ տարածքում գտնվելու, այդ թվում նաև` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:

«Հաշվի առնելով, որ աշխատուժի ազատ տեղաշարժը ապրանքների, կապիտալի և ծառայությունների տեղաշարժի հետ մեկտեղ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության հիմնական նպատակներից մեկը (ԵԱՏՄ մասին պայմանագրի 4-րդ հոդված)` սույն Արձանագրության կնքումը կնպատսի ԵԱՏՄ երկու անդամ պետությունների` ՀՀ և ԲՀ միջև աշխատուժի տեղաշարժի մասով փոխգործակցության խորացմանը և տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

Scroll Up