Հնում Մյուռոնօրհնեքը կատարվել է Սուրբ Պատարագի ընթացքում
Հնում Մյուռոնօրհնեքը կատարվել է Ս. Պատարագի ընթացքում: Վերջին շրջանում այդ օրն առավոտյան Մայր Տաճարում Ս. Պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան տեղի է ունենում բուն արարողությունը: Նախքան արարողությունը, Վեհափառ Հայրապետը և 12 արքեպիսկոպոսներ կամ եպիսկոպոսներ զգեստավորվում են պատարագչի ամբողջական հագուստներով: Հայոց Հայրապետը հոգևորականների դասի ուղեկցությամբ և ամպհովանու ներքո Վեհարանից կամ Մայր Տաճարից «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության և Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո ուղղվում է դեպի Բաց խորան: Հայոց Հայրապետի աջ և ձախ կողմերում ընթանում են վեցական Սրբազաններ` իրենց ձեռքերին ունենալով Մյուռոնի համար անհրաժեշտ սրբությունները` խաչափայտի մասունքով Կենաց Խաչը, Ս. Գեղարդը և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը: Բացի Մյուռոնօրհնությանն անհրաժեշտ այս երեք սրբություններից, արարողությանը դուրս են բերվում նաև այլ սրբություններ, որոնց մենք անդրադառնալու ենք: Սրբազանները տանում են նաև հին Մյուռոնը, բալասանը և Մյուռոնի նյութերի անոթը: Արդեն խորանի վրա Աստվածաշնչից ընթերցվում են ձիթենուն, օծության յուղին, նրա պատրաստությանը և շնորհատու գործառույթին նվիրված մի քանի հատվածներ:
Առանձին աղոթքներ է ընթերցում նաև Վեհափառ Հայրապետը` խնդրելով, որ Ս. Հոգին իջնի այս յուղի մեջ և սրբացնի այն: Երբ Մայր Աթոռի լուսարարապետը բացում է կաթսայի կափարիչը, շարականի երգեցողության ժամանակ Հայոց Հայրապետը կաթսայի մեջ է լցնում ծաղիկներից պատրաստված խտանյութը, իսկ հետո նույն ձևով նաև բալասանը: Այնուհետև նա հին Մյուռոնը լցնում է նորի մեջ, որից հետո երգվում է «Առաքելոյ աղաւնոյ» շարականը:
Ապա Հայոց Հայրապետը տյառնագրում և խառնում է Մյուռոնը Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով: Հայրապետական այս օրհնություններից հետո կաթսան կրկին ծածկում են նուրբ շղարշով: Արարողությունն ավարտվում է Պահպանիչ աղոթքով, երբ Վեհափառ Հայրապետն օրհնում է ժողովրդին, որը շտապում է վայրկյան առաջ համբուրել Մյուռոնի տաք կաթսան և օրհնություն ստանալ: Ընդունված սովորության համաձայն` այդ օրն ուխտավորները նաև իրենց նվերներն են տալիս Ս. Էջմիածնին` ի պայծառություն Հայոց Եկեղեցու: Մյուռոնի կաթսան 7 օր շարունակ մնում է Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան այն համբուրելու և օրհնություն ստանալու:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան