Բեյրութից Երեւան են տեղափոխելու Վահագն Հովնանյանի աճյունափոշին

Երեւանում օգոստոսի 31-ին մահացած սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանի աճյունափոշին դեռ Բեյրութից չի տեղափոխվել Հայաստան: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերությունից:

Թե որտեղ է ամփոփվելու Հովնանյանի աճյունափոշին, ընկերությունից չհայտնեցին՝ նշելով, որ դրա վերաբերյալ հավելյալ հաղորդագրություն կտարածեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովնանյանին վերջին հրաժեշտը տվել են Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այնուհետեւ Վահագն Հովնանյանի մարմինը տեղափոխել են Բեյրութ, որտեղ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում է ունեցել նրա հոգեհանգստի եւ վերջին հրաժեշտի արարողությունը:

Հիշեցնենք, որ Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ. փետրվարի 16-ին Իրաքում:

1959թ. հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969թ.՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց եւ ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ «V.S. Hovnanian Group», «Adelfia Water Company», «Adelfia Sewer Company», «Hovnanian Realty», «Clear Title Agency» եւ «Grandview Cable»։ 1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով «Cellular Vision» կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց «SpeedUS» կորպորացիայի։

«Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) եւ «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն է:

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլեւելյան հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։

2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։

Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։

1998թ. Երեւանում կառուցել է Վահագնի թաղամասը:

Scroll Up