Նոբել Առուստամյան. Բոլոր հայերով պետք է ոգեւորենք Հայաստանի հավաքականին

Ռուսաստանյան NTV հեռուստաալիքի մեկնաբան Նոբել Առուստամյանը ներկա է գտնվել Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան խաղին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ներկայացրել է իր տպավորությունները:
Նոբել, Սերբիա–Հայաստան խաղն անցնելու էր դատարկ տրիբունաների ներքո եւ մարզական տեսանկյունից հետաքրքրությունը ադքան էլ մեծ չէր: Ինչո՞ւ որոշեցիր ներկա գտնվել խաղին:
Դա իմ լավ ընկերոջ՝ Հարությունի գաղափարն էր, որը վերջին երեք ընտրական փուլերում միշտ ներկա է եղել հավաքականի արտագնա եւ տնային հանդիպոմներին: Քանի որ խաղը անցկացվելու էր առանց հանդիսատեսի, ես հավատարմագրվեցի եւ մենք մեկնեցինք: Հայաստանի հավաքականի խաղերին այդքան էլ հաճախ չեմ լինում, ավելի շատ ընկերական հանդիպումներին: Մեզ թվաց, որ շատ լավ կլինի գնալ եւ աջակցել մեր թիմին: Բացի այդ ուզում էի տեսնել Սերբիայի հավաքականին՝ այդքան ուժեղ կազմով, նրանք խմբի վերջին տեղում էին:
Ինչպե՞ս էր խաղին հետեւել դատարկ տրիբունաներից:
Առաջին անգամ չէր, որ դիտում էի խաղը դատարկ տրիբունաներից: ԲԿՄԱ-ի խաղերը արդեն անց են կացվել դատարկ տրիբունաների ներքո: Տեղացի երկրպագուները տխուր էին, քանի որ չէին կարող ներկա գտնվել խաղին: Ինձ թվում էր, որ հայ երկրպագուների էլ կտեսնեմ, քանի որ նրանք ամենուր գնում են հավաքականի հետ: Ես ուզում էի տեսնել թիմերի խաղը, հասկանալ, թե ինչու այս երկու թիմերը հայտնվեցին խմբի վերջին տեղերում:
Եվ ի՞նչ: Հասկացա՞ր:
Ես միշտ ասել եմ, որ մեզ բաժին հասավ շատ ուժեղ խումբ: Չէր կարող լինել այնպես, որ Հայաստանի հավաքականը բոլոր խաղերում միշտ հաղթեր: Եվրո 2012 եւ ԱԱ 2014-ի հաջող ընտրական փուլերից հետո բոլորն ապրում էին երազներով, որ հավաքականը պետք է հաղթի մյուս բոլոր խաղերում: Հայկական ֆուտբոլում կան շատ խնդիրներ: Դա կախված է կառուցվածքային եւ որակի հարցերի հետ: Մեր խումբը շատ դժվար էր՝ կար հինգ թիմ, իսկ մյուս մրցակիցները ուժեղ էին: Պետք է իրատես լինել եւ գիտակցել, որ խմբից դուրս գալը հեշտ գործ չէր:
Հասցրեցի՞ր շփվել ֆուտբոլիստների հետ:
Երկար շփվել չստացվեց: Հայաստանի հավաքականը միանգամից մեկնեց Երեւան: Տղաները հիասթափված էին, որ չկարողացան միավորներ հավաքել: Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ այսօր երկրպագուները եւ բոլոր հայերը աջակցեն թիմին: Իսկ հայկական ֆուտբոլի ղեկավարների համար սա առիթ է միջոցներ ձեռնարկելու: Հայկական ֆուտբոլն այսպիսի մեծ նվեր է ստացել երեք փայլուն ֆուտբոլիստների տեսքով: Մխիթարյանի, Մովսիսյանի եւ Օզբիլիզի պես ֆուտբոլիստներ հաճախ չեն ծնվում: Մեկը մեծացել է ԱՄՆ-ում, մեկը հաճախել է Այաքսի դպրոցը, մեկ էլ ինքիրեն աճել է: Պետք է զարգացնել հայկական ֆուտբոլը, անել ամեն բան, որպեսզի հայ ֆուտբոլիստները կարողանան խաղալ Հայաստանի առաջնությունից դուրս:
Ոչ որպես երկրպագու եւ մեկնաբան, այլ որպես լրագրող, ի՞նչ կասես, ինչը պետք է փոխել հավաքականում, որպեսզի հաջողությունը գա:
Ցավոք Հայաստանի հավաքականը իր միջին մակարդակով այն թիմը չէ, որ կարողանա սերբերի հետ հավասար խաղ ցույց տա: Նայեք թիմերի կազմերին: Նրանց մոտ խաղում են Չելսիի, Ռոմայի, Ինտերի խաղացողներ: Բայց պետք չէ հուսահատվել: Պետք է շարունակել զարգացնել հայկական ֆուտբոլը. Սարգիս Հովսեփյանը գուցե եւ տաղանդավոր մարզիչ է, բայց հնարավոր է նրան դեռ շուտ է մարզել Հայաստանի հավաքականը:
Վերա Մարտիրոսյան