«Շանթ 2015». Տավուշում և Սյունիքում խաղարկվեց «Օդային տագնապ» ուսումնական ազդանշանը

Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով սեպտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ժամը 10.07-ին և Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամը 10.15-ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ուսումնական ազդանշան:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ տագնապի ազդանշանը տրվել է զորավարժության շրջանակներում և խուճապի մատվելու կարիք չկա:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը` զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

 

Scroll Up