Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող գաղթականներին

Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող գաղթականներին օգնելու կոչով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 91 ամյա երգիչն այս հայտարարությունն արել Է Agence France Presse-ին տված հարցազրույցում: «Ես ծանր տառապանք եմ ապրում, երբ տեսնում եմ այդ մարդկանց բազմությունները, որոնք թափառում են իրենց երեխաների հետ միասին: Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճաշակել նման վիճակի դառնությունները, բայց վստահ եմ, որ դրանք բաժին են հասել իմ ներգաղթյալ ծնողներին: Հարկավոր Է հոգ տանել նրանց ապագայի մասին, բարելավել նրանց վիճակը»,- ասել է Ազնավուրը:
Այդ կապակցությամբ նա հիշեցրել է իր կողմից արդեն առաջադրված գաղափարի մասին, այն է՝ միգրանտներին բնակեցնել Ֆրանսիայի հեռավոր բնակավայրերում, փոքր քաղաքներում ու գյուղերում, որոնք գործնականում լքված են տեղի բնակիչների կողմից: «Այդպիսով, այդ բնակավայրերը կհամալրվեն նոր ուժով: Այդ միգրանտների թվում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ, հացթուխներ: Նրանց ջանքերը թույլ կտան այդ ավաններում վերաբացել դպրոցները, փոստային բաժանմունքները»,-նշել է աշխարհահռչակ շանսոնյեն:
Ազնավուրն ընդգծել է, որ այդօրինակ ծրագրի իրագործման դեպքում «Ֆրանսիան մատնացույց կանեն որպես օրինակելի երկիր»: «Ես միանգամայն վստահ եմ, որ հենց այդպես էլ պետք է վարվել»,-հավելել է Ֆրանսիայի ամենաանվանի հայը:
Նա չի բացառել, որ կմասնակցի մի խումբ երգիչների եւ կոմպոզիտորների կողմից այդ թեմայով ընդհանուր երգի ստեղծմանը, ինչպես դա եղավ 1989 թվականին, երբ նման երգ ստեղծվեց ուժգին երկրաշարժից տուժած Հայաստանին աջակցման ծրագրի շրջանակներում: