Մյուռոնը տյառնագրվում է նաև Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջով

Վեհափառ Հայրապետը Կենաց Խաչով և Ս. Գեղարդով Մյուռոնն օրհնելուց հետո այն տյառնագրում է նաև մեր հավատքի հոր` Ս. Գրիգոր Լուսավորջի Աջով, որը մեր ազգային-եկեղեցական ամենամեծ սրբությունն է: Որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է, այնտեղ պետք է լինի նաև դրա վավերականության կնիքը և խորհրդանիշը` Լուսավորչի Աջը: Այս բազկի և մատների տեսք ունեցող պատյանում ամփոփված են Ս. Գրիգորի աջ ձեռքի մասունքները:

Նվիրական այս սրբությունը պատմության ընթացքում բաժնեկից է եղել մեր ժողովրդի ձեռքբերումներին և դժբախտություններին, պատուհասներին և վերելքներին` մշտապես իր օրհնությունը բաշխելով ամենքին: Այս Աջի հետ հայ մարդու կապվածությունը դիպուկ բնորոշել է Առաքել Դավրիժեցին` գրելով. «Աջի և Ս. Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»: Բացի Մյուռոնօրհնությունից, Ս. Գր. Լուսավորչի Աջը դուրս է բերվում նաև բացառիկ և կարևոր տոների և իրադարձությունների ժամանակ, երբ հայ հավատացյալներին հնարավորություն է տրվում` համբուրելու այն, և օրհնություն ստանալու առաքելաշավիղ Ս. Գր. Լուսավորիչ Հայրապետի նշխարներից:

Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը դարերի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ տեղափոխվել է քաղաքից քաղաք` մնալով իբրև Կաթողիկոսության խորհրդանիշ և երաշխավոր: 1292 թ. Եգիպտոսի սուլթանի զորքերն արշավում են Կիլիկիա, գերեվարում ժամանակի Ստեփանոս Հայրապետին և իրենց հետ տանում բազում սրբություններ, այդ թվում` նաև Լուսավորչի Աջը: Եգիպտոսում համաճարակ է սկսում, որը շատերի կյանքն է խլում: Ըստ ավանդության` պատճառը Ս. Աջն էր, որը եգիպտացիները վերադարձնում են հայերին: Բայց իրականում Աջը վերադարձվում է Լևոն Բ թագավորի ջանքերով, որը բառացիորեն գնում է այն եգիպտացիներից: 1439 թ. Սսի կաթողիկոսարանից անհայտնում է Լուսավորչի Աջը: Հիշատակարանների գրիչները մեր ազգին բաժին հասած դժբախտությունները բացատրում են հենց Աջի անհայտացմամբ, որը էջմիածնասեր մի քանի եպիսկոպոսների ջանքերով տեղափոխվել էր Ս. Էջմիածին: Ս. Գր. Լուսավորչի Աջը Մայր Աթոռից դուրս է բերվել նաև 1604 թ. հետո պարսից Շահ Աբբասի կողմից, որը կրկին վերադարձվեց 1663 թ.` այլևս չլքելով Ս. Էջմիածինը :

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

Scroll Up