Սուրբ Գեղարդի խորհուրդը

Ս. Գեղարդը որոշ ժամանակ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, բայց սկսած 13-րդ դարից մինչև 18-րդ դարն այն գտնվել է Այրիվանքում, որն էլ այս սրբության շնորհիվ վերակոչվել է Գեղարդավանք: Հետաքրքրական է, որ Գեղարդավանքում են պահվել նաև Նոյյան տապանի մասունքը և Հավուց Թառի փրկչական պատկերը: 18-րդ դարում Ս. Գեղարդը տեղափոխվել է Ս. Էջմիածին, ուր և պահվում է ցայսօր: 13-րդ դարում Խաղբակյան Պռոշ իշխանը Զաքարյաններից կանխիկ դրամով գնում է Այրիվանքն իր շրջակա լեռներով և դաշտերով և 1268 թ. Ս. Գեղարդի համար պահարան է պատրաստել տալիս: Այս մասին է պատմում պահարանի վրա փորագրված 28 տողանոց արձանագրությունը: Հետագայում այս պահարան վերանորոգվել է նույն տոհմի ներկայացուցիչ Դավիթ վարդապետի կողմից 1687 թ. (շարունակելի): Լուսանկարում Վազգեն Ա Կաթողիկոսն է և Կ. Պոլսի Շնորհք Պատրիարքը Ս. Գեղարդով:

Ս. Գեղարդը հայտնի է նաև իր հրաշագործ զորությամբ: 1765 թ. Ալաշկերտի հովտում ժանտախտ է բռնկվում: Տեղի ժողովուրդը մի աղերսական նամակ է գրում ժամանակի Կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցուն (1763-1780)` խնդրելով Ս. Գեղարդն իրենց ուղարկել պատուհաս հիվանդությունից ազատվելու համար: Բայց Կաթողիկոսը, վախենալով, որ Ս. Գեղարդը կարող է հայտնվել թշնամի լեզգիների ձեռքը, մերժում է խնդրանքը` խոստանալով այլ սրբություններ ուղարկել նրանց մոտ: Այս պատմական փաստից երևում է, որ Ս. Գեղարդն այդ ժամանակ հայտնի էր ժանտախտը բուժող իր զորությամբ, ուստի ժողովուրդը Վեհից հենց այդ սրբությունն էին խնդրել: Ս. Գեղարդի հրաշագործ զորության մասին տեղյակ էին նաև վրացիները, մահմեդականները և հարևան այլ ժողովուրդներ: 1797 թ. Թիֆլիսում բռնկված ժանտախտի պատճառով Վրաց Գևորգի թագավորը խնդրանքով դիմում է Ղուկաս Ա Կարնեցուն (1780-1799)` Ս. Գեղարդը Թիֆլիս տանելու համար: Հայտնի է, որ շատ չանցած այս հիվանդությունը վերանում է քաղաքից: Վրաց թագավորը, այս հրաշքը տեսնելով, չի ցանկանում Ս. Գեղարդը վերադարձնել հայերին: Ս. Գեղարդը Թիֆլիս է տարվել նույն պատճառով նաև 1811 և 1814 թթ., իսկ շրջել Անդրկովկասում 1846-1847 թթ.: 1847 թ. Ս. Գեղարդը վերադարձվեց Ս. Էջմիածնին և այլևս երբեք դուրս չտարվեց: Այսօր էլ հրաշքներ են կատարվում այս համաքրիստոնեական սրբության միջոցով: Մի սրբություն, որը մեր օրհնյալ հայոց հողում է` Ս. Էջմիածնի Մայր Տաճարում:

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

Scroll Up