Արցախում նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի 2760 երեխա

Հայկական երկրորդ հանրապետությունում՝ Արցախում, սեպտեմբերի 1-ը ևս սպասված տոներից է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը նշեց, որ այս տարի Արցախի 219 դպրոցներ առաջին անգամ ոտք կդնի 2760 փոքրիկ: «Նախորդ տարվա համեմատությամբ, ավելի շատ առաջին դասարանցի ունենք: 2014-2015 ուսումնական տարում աշակերտների թիվը եղել է 2329: Երեխաների թվի աճը պայմանավորված է «Ղարաբաղյան մեծ հարսանիք»ով, քանի որ այդ տարի ամուսնացածների երեխաներն այսօր դպրոց են գնում: Իսկ ընդհանրապես Ղարաբաղում ծնելիության աճի տենդենց կա, հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում»,-նշեց Սլավա Ասրյանը:
2008 թվականին Արցախում միանգամից գրեթե 700 ընտանիքներ կազմվեցին: Հենց այդ ամուսնություններից ծնված երեխաներն արդեն սկսում են դպրոց հաճախել: «Հաջորդ տարի հնարավոր է ավելի քիչ լինեն առաջին դասարանցիները, բայց 2500ի շեմը կպահպանվի»,հավելեց նախարարը:
Սլավա Ասրյանի խոսքով, դպրոցները պատրաստ են ընդունել առաջին դասարանցիներին: «Դասագրքերի բաժանման գործընթացն սկսված է: Մեզ մոտ ոչ թե 1-4-րդ, այլ 1-12րդ դասարանի աշակերտներն անվճար են ստանում դասագրքերը` պետության հաշվին»,-ընդգծեց նա:
Սեպտեմբերի մեկը տոն է նաև արցախցի այն ուսանողների համար, ովքեր առաջին անգամ ոտք կդնեն բարձրագույն ուսումնական հաստատություններ: Արցախում կա երկու պետական բուհ` Արցախի պետական համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը: Գործում են նաև երեք ոչ պետական բուհեր:
«Արցախի պետական համալսարանը 474, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը 86 առաջին կուրսի ուսանող կունենա: Մասնավոր բուհերն ավելի քիչ առաջին կուրսեցի կունենան»,-նշեց ԿԳ նախարարը:
Արցախում հայալեզու առաջին դպրոցն Ամարասի վանքում հիմնել է Մեսրոպ Մաշտոցը։ Հետագայում բացվել են այլ վանքերին կից դպրոցներ։ Կրթական համակարգը լուրջ վնաս է կրել արցախյան պատերազմի տարիներին, որի ընթացքում ամբողջությամբ այրվել կամ ավերվել է 49 դպրոց, 29 նախադպրոց, հիմնարկ և 50 գրադարան։
ԼՂՀ կրթությունը նոր վերելք է ապրել անկախացումից հետո։ 2006-2007 ուսումնական տարվանից Արցախի դպրոցներն անցել են 12-ամյա եռաստիճան միջնակարգ կրթության։