Մինչեւ նոյեմբեր Թուրքիայում կուժեղանա հակահայկական հռետորաբանությունը. Արա Պապյան

Հայաստանի շահերի տեսանկյունից տարածաշրջանում բավականին բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին ըստ NEWS.am-ի՝ օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերությունները զգալիորեն վատացել են։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն օգտագործելով՝ Թուրքիան ոչ միայն պայքարում է Քրդստանի բանվորական կուսակցության, այլ նաեւ տարածաշրջանի քրիստոնյաների դեմ»,- ասաց Արա Պապյանը։
Նրա կարծիքով Թուրքիայում ներքին լարված իրավիճակից բացի կա նաեւ արտաքին լարվածություն Սիրիայի եւ Իրաքի իրադարձությունների կապակցությամբ։
Անդրադառնալով Թուրքիայում ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Արա Պապյանը նշեց, որ երկրում կբարձրանան ազգայնական տրամադրությունները։ «Այսինքն՝ կհնչեն շատ հակահայկական հայտարարություններ։ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը այդպիսով կփորձի ձայներ խլել ազգայնականներից։ Հետեւաբար, մինչեւ նոյեմբեր Թուրքիայում կուժեղանա հակահայկական հռետորաբանությունը»,- կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի»-ի ղեկավարը։