Ստամբուլում բացվել է հայկական դպրոցի նոր մասնաշենքը

Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի միջոցներով Բաքըքյոյ թաղմասում 2015-2016 թվականների նոր ուսումնական տարում հայ աշակերտների համար բացվել է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում վառոդավաճառ Հովհաննես Դադյանի կողմից 171 տարի առաջ կառուցված հայկական դպրոցի նոր մասնաշենքը:
«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը, գրում է Արմենպրեսը:
Նա ասել է, որ դպրոցը նոր մասնաշենքի խիստ կարիք ուներ, քանի որ 171 տարի առաջ կառուցված հին մասնաշենքը նախատեսված էր եռամյա կրթության համար:
Նրա խոսքով` դպրոցը նախատեսված է երեք տարիքային խմբերի համար եւ ունի միջնակարգ դպրոցի կարգավիճակ: Դպրոցում մարզական եւ ժողովների դահլիճներին զուգահեռ կա նաեւ ճաշարան:
«Նախկին շենքում ընտանիքները ստիպված էին ուտելիք ուղարկել երեխաների հետ, այժմ դրա կարիքը չկա», -նշել է Օզդեմիրը:
2015-2016 թվականների ուսումնական տարում դպրոցում կարող է սովորել մինչեւ 500 աշակերտ: