Սեպտեմբերի 3-ին «Թոռներ,պատկանելիության նոր աշխարհագրություն » ցուցահանդեսը կբացվի Ստամբուլում

Ստամբուլի «Թութուն Դեպո» ցուցասրահում 2015-ի սեպտեմբերի 3-ից մինչև նոյեմերի 1 -ը տեղի է ունենալու «Թոռներ,պատկանելիության նոր աշխարհագրություն » խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համադրողը Սիլվինա Տեր-Մկրտչյանն է , ով զուգահեռաբար մասնակցում է նաև Վենետիկի միջազգային բիենալեում հայկական տաղավարը ներկայացնող «Արմենիթի»(Հայություն) նախագծին: Մասնակիցներից ոմանք ևս մասնակցում են «Արմենիթի» նախագծին, որն այս տարվա Բիենալեին ստացել է «Ոսկե առյուծ» մրցանակը: «Թոռներ,պատկանելիության նոր աշխարհագրություն» ցուցահանդեսին մասնակցում են հայ արվեստագետներ Աշոտ Աշոտը (Երևան\ Փարիզ),Մարիամ Բեդոյանը (Բուենոս Այրես), Թալին Բույուկկուռցյանը (Ստամբուլ), Սիլվինա Տեր- Մկրտչյանը (Բուենոս Այրես \Բեռլին), Հերա Բույուկթաշյանը (Ստամբուլ) , Լինդա Գանջյանը (Նյու Յորք), Արչի Գալենցը (Մոսկվա\ Բեռլին) , Կարինե Մացակյանը (Երևան ), Միքայել Օհանջանյանը ( Երևան \Ֆլորենցիա) , Անի Սետյանը (Ստամբուլ ), Արման Թադևոսյանը (Գյումրի\ Նանսի) , Սկոտ Թուֆանկյանը( Նյու Յորք ), Մարի Զոլամյանը( Բեյրութ \Լիեժ):
Ցուցահանդեսին արվեստագետները ներկայացնելու են ինստալյացիա , պերֆորմանս, վիդեո, քանդակ, լուսանկարչություն , գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ:Միքայել Օհանջանյանը ցուցահանդեսին ներկայացնելու է երկու աշխատանք՝ «Senza titolo» և «Labirinto spaziale» : Առաջինը քանդակային ինստալյացիա է ՝ բաղկացած երկու մետաղե քառակուսիներից, որոնց մեջտեղում գտնվում է մեկ այլ ՝ ավելի փոքր քառակուսի, որը հանդիսանում է կապող օղակ:Մյուս գործը իրենից ներկայացնում է բարդ տարածական կառուցվածք, որը տալիս է անելանելիության զգացողություն՝ առաջացնելով հոգեբանական լարվածություն:
Սիլվինա Տեր-Մկրտչյանը «Թոռներ,պատկանելիության նոր աշխարհագրություն» ցուցահանդեսին ներկայանալու է վիդեոարվեստով: Վիդեոինստալյացիան առնչվում է Սփյուռքում գործող տարբեր անսամբլների հետ,որոնք կատարում են հայկական պարեր՝ ընդունելով պարը, շարժումը որպես դիմադրություն:
Բեռլինաբնակ արվեստագետ Արչի Գալենցը հանդես է գալու «Կողոպտված թանգարան» անվամբ ինստալյացիայով: Ցուցասրահին հարմարեցված պատի ինստալյացիան բաղկացած է թանգարանից տեղահանված կտորներից, որոնց վրա ներկայացվելու են թե իր աշխատանքները և թե 1920 թվականին ծնված իր մեծ մոր կտավը:
Լուսանկարներ է ցուցադրելու Սկոտ Թուֆանկյանը, որոնք արվել են ավելի քան 20 երկրների հայկական համայնքներում ՝ ստեղծելու համար հայ ընտանիքի դիմանկարը:
Արգենտինաբնակ Մարիա Բեդոյանը ցուցասրահի արտաքին պատին գրաֆիկական աշխատանք է անելու:
Ներկայացվող արվեստագետների զգալի մասը 2003 թվականից համագործակցում են միմյանց հետ՝ կազմակերպելով վիրտուալ տեսողական երկխոսություններ, ցուցահանդեսներ, սիմպոզիումներ և հանդիպումներ մի շարք երկրներում ՝ Գերմանիա , Ֆրանսիա , Արգենտինա, Ստամբուլ , Տալլին , Վենետիկ: Ինչպես նշում է համադրող Սիլվինա Տեր-Մկրտչյանը , «Թոռներ,պատկանելիության նոր աշխարհագրություն» ցուցահանդեսը մտադիր է ուշադիր հայացք նետել անհատական և հասարակական համահայությունը կազմող մասնիկների պատկանելիություններին ,մեխանիզմներին, որոնք ուժ են տալիս և ոգեշնչում են սփյուռքի ինքնությունը: Ցուցահանդեսի շրջանակներում տպագրվելու է քառալեզու՝ անգլերեն , գերմաներեն, հայերեն, թուրքերեն պատկերագիրք: Ցուցահանդեսը կազմակերպվելու է Գալուստ Գյուլբենկյան հիմադրամի , Անադոլու Կուլտուրի , Գյոթե Ինստիտուտի և Տարաբայի մշակութային Ակադեմիայի հովանավորության շնորհիվ :
Ցուցահանդեսի մասին լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ http://www.underconstructionhome.net/ կայքից:
Անահիտ Թորոսյան
orer.eu