Շառլ Ազնավուրն անակնկալ է պատրաստել իր փարիզաբնակ երկրպագուների համար

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն անակնկալ է պատրաստել իր փարիզաբնակ երկրպագուների համար: Ճանաչված երգիչը վեց համերգով հանդես կգա Փարիզի Palais des Sports սրահում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը՝ վկայակոչելով nostalgie.fr կայքը, համերգները կանցկացվեն սեպտեմբերի 15-27-ը:
Կայքը գրում է,որ Ազնավուրը վաղուց է լեգենդ դարձել: Փաստի վկայությունն են նրա վաճառված ձայնասկավառակները և շրջագայությունների ժամանակ լեփլեցուն դահլիճները: Բայց սիրված երգիչը դեռ չի ասել իր վերջին խոսքը: nostalgie.frը տեղեկացնում է, որ համերգները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին, 17-ին, 19-ին, 23-ին, 25-ին և 27-ին։ Ազնավուրը կկատարի իր ամենահայտնի և նոր «Encores» ալբոմի ստեղծագործությունները:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ:
2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: