Երեսուն հայկական օգոստոս Վենետիկում

Պատմություն դարձավ Վենետիկի ՙՊո-Արաքս՚ ընկերակցության կողմից Կա’ Ֆոսկարի համալսարանում կազմակերպվող հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթացի ևս մեկ տարի։ Այս տարին հոբելյանական էր, լրացավ դասընթացի երեսնամյակը։ Կա՞ արդյոք Սփյուռքում մեկ այլ հաստատություն, որը երեսուն տարի անընդմեջ հանդես գա նման նախաձեռնությամբ։ Ինչպես նշում է դասընթացի հիմնադիր, գերապայծառ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, առաջին տարիներին իրենց մտքով, անշուշտ, չէր անցնում, որ ամառային դպրոցը կհասնի երեսնամյա հոբելյանին, որ կլինեն այլ զարգացումներ ևս։ Հիմնականում եվրոպահայերի համար նախատեսված դասընթացը տարեցտարի աճեց, ընդլայնվեցին դասավանդվող առարկաները, նրան մասնակցելու սկսեցին գալ Հայաստանից, մինչև անգամ՝ հեռավոր Չինաստանից և Ճապոնիայից… Դասընթացը տեղի է ունենում ճիշտ վայրում՝ Եվրոպայի սրտում, նմանը չունեցող մի քաղաքում, որը հարուստ հայկական ավանդներ և հայկական շարունակական ներկայություն ունի (բավական է նշել Վենետիկի բիենալեի կողմից հայկական տաղավարին այս տարի ՙՈսկե առյուծ՚ գլխավոր մրցանակի շնորհումը)։ Իր բնույթով եզակի այս դասընթացի նպատակը սոսկ արևմտահայերենի պահպանումը չէ, այլև հայ մշակույթի տարածումը, հայաշխարհին հուզող հարցերի արծարծումը, աշխարհացրիվ հայության և հայերենով հետաքրքրվող այլազգիների մի յուրօրինակ ցանցի ստեղծումն ու զարգացումը։ Իսկ նրանց թիվը վաղուց անցել է հազարը, նրանց մեջ կան այսօր աշխարհի տարբեր երկրների հայագիտական ամբիոնների աշխատակիցներ, իրենց արմատները փնտրող սփյուռքահայության տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մարդիկ, որոնց պարզապես հետաքրքրում է հայոց գիրը, լեզուն, արվեստը, պատմությունը, անձինք… Այս տարի ուսանողները տասներեք երկրից էին՝ Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Հունգարիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ռումինիա, ԱՄՆ, Կանադա, Հայաստան, Թուրքիա, Ճապոնիա։
Օգոստոսի 6-ին Կա’ Ֆոսկարի համալսարանում տեղի ունեցավ դասընթացի երեսնամյակի ակադեմիական նիստը։ Ընթերցվեցին շնորհավորագրեր տարբեր երկրներից, նաև՝ Հայաստանից, մասնավորապես՝ Գիտությունների ազգային ակադեմիայից։ Հյուր բանախոսը Պորտուգալիայից հատուկ հրավիրված պատմաբան, դոկտոր Ռազմիկ Փանոսյանն էր՝ Կյուլպենկյան հաստատության հայագիտական բաժնի տնօրենը, որն իր անգլերեն-հայերեն զեկույցի մեջ արծարծեց հայության ներկա հանգրվանին առկա մի շարք խնդիրներ։ Հիմնական բանախոսությանը հաջորդեց մի փոքր համերգ իտալաբնակ դուդուկահար Արամ Իփեքճյանի և կիթառահար Մասիմո Նալբանդյանի կատարմամբ։ Երկու գործիքների համադրումը ճաշակավոր էր և ականջահաճո, նաև հայկական մեղեդիների դեպքում։ Մասիմո Նալբանդյանը կատարեց նաև սեփական ստեղծագործություններից. նա թոռն է սփյուռքահայությանը ծանոթ մի արվեստագետի՝ եթովպահայ երաժիշտ Գևորգ Նալբանդյանի, որը հեղինակել է Եթովպիայի ազգային օրհներգը…
Դասընթացի մասնակիցներն առնվազն երկու անգամ հնարավորություն են ունենում ներկա լինել հայկական պատարագի։ Այս անգամ առաջին պատարագը մատուցվեց օգոստոսի 9-ին, Վենետիկի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, որն Արևմտյան Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցին է (թեև՝ ոչ հայ ճարտարապետական ոճով)։ Պատարագն ավանդաբար մատուցում է գերապայծառ Լևոն Զեքիյանը, որը հանդես է գալիս հայերեն և անգլերեն քարոզով, իսկ երգչախումբը կազմված է լինում դասընթացի ուսուցիչներից և ուսանողներից։ Երկրորդ պատարագը լինում է Սուրբ Ղազարում՝ Աստվածածնի վերափոխման տոնին, որի ժամանակ կատարվում է խաղողօրհնեքը։ Պատարագից հետո այգում Մխիթարյան հայրերի կողմից տրվում է ավանդական հյուրասիրություն, որին մասնակցում են բոլոր ներկաները, որոնց մեջ լինում են աշխարհի տարբեր երկրներից Ադրիատիկ ծովի ափին հայտնված հայորդիներ…
Գերապայծառ Զեքիյանը դասընթացից բացի կազմակերպում է տարբեր միջոցառումներ, հիմնականում՝ դասախոսություններ, որոնք տեղի են ունենում երեկոները, պատմական Կանարեջո թաղամասում գտնվող Աբացիա կոչվող հանրակացարանի ներքին պարտեզում։ Ցեղասպանության հարյուրամյակի տարում նա հանդես եկավ երկու բանախոսությամբ (հայերեն, անգլերեն ամփոփումներով)։ Իր բանասիրական, փիլիսոփայական, պատմագիտական և այլ կարգի ուսումնասիրությունների կողքին Զեքիյանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել է նաև հայոց ցեղասպանության թեման, հատկապես նրան տրվող գնահատականի, թողած ազդեցության, հայ-թուրքական հնարավոր երկխոսության հետ կապված խնդիրները։ Այս հարցերը նա մանրամասնորեն շոշափեց իր զույգ ելույթներում, որոնք վերնագրված էին ՙՄեծ եղեռնի՝ 1915-ի հայոց Ցեղասպանության հարյուրամյակը, նրա նշանակությունը և մարտահրավերները։ Ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցում ոգեկոչումը, նրա ազդեցությունը և հետևությունները՚ և ՙՊահանջատիրության հայեցակարգը. վերլուծության փորձ՚։ Արևմտահայության ժառանգ մասնակիցների (և ոչ միայն նրանց) շրջանում այս ելույթները, բնականաբար, առիթ տվեցին աշխույժ քննարկումների…
Երրորդ դասախոսությամբ հանդես եկավ Կա’ Ֆոսկարի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր Պաոլա Միլդոնյանը, միջազգային չափանիշով հեղինակավոր մի գրականագետ, որը վերջերս իտալացի ընթերցողիսեղանին է դրել Սայաթ-Նովայի հայերեն տաղերի իտալերեն թարգմանության հատորը։ 18-րդ դարի հայ մեծագույն աշուղ-բանաստեղծի մասին անգլերեն համակողմանի զեկույցից հետո Միլդոնյանը ցուցադրեց Սերգեյ Փարաջանովի ՙՆշան գույնը՚։ Հարյուրերորդ անգամ դիտելով հայ կինոյի այս անգին գանձը՝ հատուկ ուշադրություն եմ դարձնում առաջին անգամ դիտողների արձագանքին և կրկին համոզվում, որ ինչպես Սայաթ-Նովայի դեպքում, ՙամեն մարթ չի կանա կարթա՚ նաև Փարաջանովի ՙգիրն՚…
Ուսուցիչները
Շատ ուսուցիչներ են եկել-գնացել այս երեսուն տարիների ընթացքում, ամեն մեկն իր լուման է ներդրել ընդհանուր գործում, սակայն վերջին տաս տարում գերապայծառ Լևոն Զեքիյանին հաջողվել է ստեղծել ուսուցիչների կայուն կազմ։ Գերապայծառն ինքը, գիտական մեծ վաստակի կողքին ունի նաև մանկավարժական մեծ փորձառություն՝ տարիներ շարունակ դասավանդելով Կա’ Ֆոսկարի համալսարանում, իսկ ամառային դասընթացի նրա դասաժամերը, լինեն հայոց լեզվի թե հայ արվեստի պատմությունից, վերածվում են ոչ միայն սոսկ տվյալ բնագավառի գիտելիքների, այլև առհասարակ հայ և համաշխարհային մտային հարստությունները մաղով անցկացրած գիտնականի կողմից դրանց անսպառ փոխանցման անկրկնելի պահեր…
Հայ ժողովրդի պատմության և սփյուռքահայ գրականության ուսուցիչ Րաֆֆի Սեթյանը իր սերնդի այն սակավաթիվ ամերիկահայերից է, ովքեր հավասարաչափ տիրապետում են թե՜ հայերենին, թե՜ անգլերենին՝ գրավոր և բանավոր։ Պարոն Րաֆֆին աշխատանքի բերումով անգլերեն է դասավանդել աշխարհի տարբեր երկրներում (մինչև անգամ՝ Գաբոնում, Չինաստանում), իսկ ահա վենետիկյան դասընթացում նա ուսանողների բարձրագույն մակարդակին ծանոթացնում է իր նախընտրած սփյուռքահայ գրողներին, քանի որ ինքը ևս բանաստեղծ է՝ անգլիագիր և հայագիր…
Հայոց լեզվի դասերը պարապում են ծնունդով պոլսահայ փարիզաբնակ Պարետ Մանոքը (դասընթացի ուսուցիչներից ամենամեծ ստաժ ունեցողը), ծնունդով քեսաբցի, դարձյալ փարիզաբնակ Ռոզիկ Թաշճյան Ադամյանը և ծնունդով հալեպցի բուդապեշտաբնակ Սոսի Սուսանյանը (Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ)։ Ինչպես տեսնում ենք, ինչպես ամենուրեք, այստեղ ևս արևմտահայերենի դասավանդումը Պոլսում և Մերձավոր Արևելքում ծնվածների ձեռքին է։ Ինչպիսի՞ն կլինի վիճակը մի երկու տասնամյակ անց. նախընտրում եմ այս մասին չմտածել։ Այս տարի հայերենի ուսուցիչներին միացավ նաև արևելագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Տորք Դալալյանը (Հայաստան-Ֆրանսիա), որը, չնայած արևելահայ լինելուն, նույնչափ վարժ է նաև արևմտահայերենի մեջ։
Իտալուհի Բենեդետտա Կոնտինը դասավանդում է գրաբար։ Այո, այո, իտալուհին, որը չափազանց սիրում է մեր լեզուն, հին ու նոր գրականությունը, մշակույթը, որը գրաբարի գիտելիքները խորացրել է՝ ուսումնասիրելով և ատենախոսությւոն պաշտպանելով Դավիթ Անհաղթի վերաբերյալ… Նրա ամուսինը՝ Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ, ծնունդով հալեպցի Արամ Իփեքճյանը, դասերից հետո ցանկացողներին տալիս է դուդուկ նվագելու դասեր։
Արդեն վեցերորդ անգամն է, ինչ դասընթացի առաջին երկու շաբաթին մասնակցում են Թորոնթոյի Գոլոլյան Ազգային վարժարանի ավարտական դասարանի աշակերտները՝ մեր ամառային դպրոցի ամենակրտսեր մասնակիցները։ Վարժարանի տնօրեն Արմեն Մարտիրոսյանինն է (նախկին հայաստանցի, ծնունդով Թբիլիսիից), որն իր սույն գովելի նախաձեռնությամբ իրենց խոստումնալից աշակերտներին ոչ միայն հաղորդակից է դարձնում հայագիտական առարկաների և տարբեր երկրների նրանց հայրենակիցներին, այլև Իտալիայի մշակութային ծով ժառանգությանը։ (Երանի թե սփյուռքահայ շատ վարժարաններ հետևեին Մարտիրոսյանի օրինակին)։ Ամեն տարի նրան ընկերակցում է վարժարանի ուսուցիչներից մեկը. այս տարի երկրորդ անգամ խմբին ընկերակցել էր ժրաջան ուսուցչուհի Սուզաննա Միլտունյանը (ծնունդով լիբանանահայ)։
Ավելացնեմ, որ տողերիս հեղինակն էլ արդեն իններորդ անգամ մասնակցեց դասընթացին (առարկան՝ հայ կատարողական արվեստների պատմություն, երբեմն նաև՝ լեզվի դասեր)։ Նկատի ունենալով նախորդ տարվա փորձը՝ դարձյալ դասաժամերից մեկի ընթացքում ցուցադրեցի Արման Մանարյանի ՙՏժվժիկ՚ կինոնկարը, որը կրկին խանդավառեց հայ կինոյին անհաղորդ մնացող արևմտահայության նոր սերնդի ներկայացուցիչներին, որոնց համար ավելի քան հաճելի էր արևմտահայերեն ֆիլմ դիտելը…
Դասընթացն ունի իր ՙգնդի որդիները՚։ Բենեդետտայի և Արամի փոքրիկները՝ հայախոս Գաբրիելը և տակավին չխոսող Նարեկը, համընդհանուր սիրո առարկան են։ Իսկ Սոսի Սուսանյանի որդին՝ Նարեկ Տետեյանը, որ մշտապես մոր հետ գալիս է Վենետիկ, այս տարի գրավոր հայերենին տիրապետելու ջանք էր գործադրում։ Բուդապեշտում ծնված և մեծացող մանչուկը հորը հեռախոսով շտապեց ավետել. ՙՀայրիկ, քեզի լաւ լուր ունիմ յայտնելու. հայերէն այբուբէնը լմնցուցի…՚։
Աշակերտները
Որի՞ն հիշես, որի՞ն չհիշես… Եթե գալիս են ամառը հայերեն սովորելու՝ ուրեմն մեծ մասամբ արժանավոր մարդիկ են։ Այս տարի տասներեք երկրից էին՝ Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Հունգարիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ռումինիա, ԱՄՆ, Կանադա, Հայաստան, Թուրքիա, Ճապոնիա։ Այո, Ճապոնիա, բայց ոչ ճապոնացի։ Նրան՝ Ֆիլիպ Լուսարևյանին իրավամբ կոչում էինք ճապոնահայ, քանի որ Ֆրանսիայում ծնված և ԱՄՆ-ում բնակված Ֆիլիպն արդեն քսան տարուց ավելի է՝ բնակվում է Ճապոնիայում, որտեղ անգլերենի ուսուցիչ է։ Այս աշխույժ, կատակասեր անձնավորությունը հիսուն տարեկանից հետո հանկարծ որոշել է սովորել նախնիների լեզուն…
Եվ իսկապես, ի՞նչ կարևոր է տարիքը։ Նրանից շատ ավելի մեծ է իտալացի լեզվաբան Սերջո Պիելչին, որը իր տիրապետած լեզուներին ցանկանում է հավելել նաև հայերենը։ Ավելին, այդ գործում նրան միացել է կինը՝ Վինչենցինա Ֆլորան։ Անհնար է չուրախանալ՝ տեսնելով այդ տարեց զույգին ուսանողական սեղանի դիմաց նստած, մեսրոպյան գրերը հեգելիս…
Հայերեն սովորելու շարժառիթները տարբեր են։ Միլանցի գեղեցկուհի Էլիզա Գամբերտինին պատրաստվում է ամուսնանալ հայի հետ և ցանկանում է ոչ միայն խոսել, այլև պարել հայերեն։ Ռիմինիի բնակչուհի Սառա Սկարպելինին հետաքրքրված է հայ պարականոն գրականությամբ, իսկ Հռոմում բնակվող Նաիրի Մերկադանտին ոչ միայն շահագրգռված է ուսանելու իր հայ մոր լեզուն, այլև, լինելով պատմաբան, ուսումնասիրել է հայ հեղափոխական շարժումների պատմությունը։ Թրքուհի Այշան Սյոնմեզը աշխատություն է գրում թուրքական թատրոնի պատմության մասին, որի մեջ, ինչպես հայտնի է, մեծ դերակատարություն են ունեցել հայ գործիչները։ Մեկ այլ թրքուհու՝ Մելթեմ Շաֆաքին, հետաքրքրում է հայատառ թուրքերեն գրականությունը։ Էթնիկ թուրքերի մասնակցությունը դասընթացին չպետք է արտառոց թվա, հատկապես վերջին տարիներին Թուրքիայի մտավորական շրջանակներում հայության հանդեպ աճող հետաքրքրության խորքին։
Ծնունդով հալեպցի փարիզաբնակ Մագի Քազալ Քուզյանը ճարտարապետական և քաղաքաշինական ընկերության ղեկավար է, ճամփորդում է աշխարհով մեկ։ Իմ հարցին, թե որն է իր տեսած լավագույն երկիրը, Մագին անմիջապես պատասխանում է՝ Հայաստա՜նը։ Եթե նա, որպես հայուհի, կարող է այդպես մտածել, սակայն ինձ զարմացրեց մեքսիկական ծագումով ամերիկուհի Էրին Պինոնի ասածը։ ՙԻնձ համար Երևանն ավելի ֆանտաստիկ է, քան Վենետիկը՚։ Հայ մանրանկարչության ուսումնասիրությամբ զբաղվող Էրինը Հայաստանում է եղել մեկ անգամ և սիրահարվել է մեր երկրին ու մշակույթին։ Մաղթենք, որ այդ սերը երբևէ չմարի մեր իրականության հոռի կողմերի պատճառով…
Վերջին տարիներին նկատելի է նաև ինստիտուցիոնալ մոտեցում հայկական դասընթացի հանդեպ։ Արդեն տաս տարի է, ինչ Ռումինիայի հայերի միությունը Վենետիկ է ուղարկում համայնքի խոստումնալի երիտասարդների. այս տարի ևս ուղարկել էր հինգ հոգու։ Ժամանակը ցույց կտա, եթե նրանցից գոնե մի քանիսը կարդարացնեն իրենց հետ կապված հույսերը։ Այս էլ երրորդ տարին վենետիկյան դասընթացին մասնակցում են պոլսահայ հինգ երիտասարդ ուսուցչուհիներ։ Նրանց վերաբերյալ տարակույս չունեմ, որ հայկական վարժարաններում աշխատող այդ ջանասեր, համեստ, պոլսահայ նկարագիրը պահպանող օրիորդները վստահաբար իրենց սաներին են փոխանցելու Վենետիկում իրենց սովորածը…
Գործիական հոլովը
Բոստոնաբնակ Սամուէլ Չաքմաքճեանը եզակի է իր սերնդի ամերիկահայ երիտասարդության մեջ։ Լեզվաբանություն ուսանող այս 19-ամյա երիտասարդը, որի նախապապը արդեն մեկ դար առաջ հաստատվել է ԱՄՆ-ում, ոչ միայն ի տարբերություն իր հազարավոր ամերիկահայ սերնդակիցների, հայախոս է, այլև արևմտահայ լեզվի ու մշակույթի ջերմ պաշտպան… Մի զրույցի ժամանակ նա պատմեց հետևյալը.
–Մի անգամ Ամերիկայում հայոց լեզուի պարապմունքի ատենը խօսեցայ յոլովներու մասին, մասնաւորապէս՝ գործիական յոլովի։ Ետքը հնչեց ՙանտառ՚ բառը, եւ ես ըսի, թէ այդ բառը չեմ գիտէր։ Ինծի հետ պարապողն ըսաւ՝ Սամուէլ, դուն գիտես, թէ ինչ է գործիական յոլովը, բայց չես գիտէր անտա՞ռը…
Գործիական հոլովի հետ կապված մի զվարճալի զրույց էլ եղավ։ Ֆրանսահայ Ֆրանք Հաբյանն ասաց, որ իր մեծ մայրը ռուս էր՝ Իվանովա կամ Իվանով։ Զազա հոր և բելգիուհի մոր զավակ Յուրի դե Բրաբանդերը, որը գրում է Բելգիայի հայության պատմությունը, հայերենով արձագանքեց.
–Իվանով… գործիական հոլով է…
Մի առիթով էլ պետք է ժողովեմ վենետիկյան դասընթացի ժամանակ պատահած զվարճալի դեպքերը և խոսակցությունները, որոնք, ինչպես կարելի է ենթադրել, քիչ չեն…
Մի քանի ուսանողական դիմանկար
Զաբել-Էրմոնե-Զաբոշը
Բուդապեշտում բնակվող նկարչուհի Զաբել-Էրմոնե Մարթայանը ծնվել է Տրանսիլվանիայի երբեմնի Հայաքաղաքում՝ Գեռլայում, դասընթացին մասնակցում է յոթերորդ անգամ (առաջին անգամ՝ դեռևս 1992-ին)։ Հայ հոր և ռումինուհի մոր զավակ Զաբելը կամ Զաբոշը, ինչպես նրան սիրով անվանում են դասընթացի ուսուցիչները, սիրով փարված է իր հայկական արմատներին։ Բուդապեշտի Հայ մշակութային կենտրոնում դասավանդում է նկարչություն։ Զաբելը նկարում է հայ մանրանկարչության մոտիվներով, ասում է, որ իր ոգեշնչման ամենամեծ աղբյուրը Թորոս Ռոսլինն է…
Սերենա-Պարզանուշը
Սերենա Ֆեռանդոն նույնպես վենետիկյան դասընթացին յոթերորդ անգամ է մասնակցում։ Ջենովայի մոտակա Ռիվարոլո քաղաքում ապրող այս ուսուցչուհին դասավանդում է լատիներեն և հին հունարեն, երբեմն գրում լեզվաբանական հոդվածներ, քանի որ տիրապետում է նաև ֆրանսերենին, անգլերենին, իսպաներենին և ալբաներենին։ Հայերենի՞ն. այս տարի սկսել է խոսել։ Սերենան մի առանձնակի սիրով է սիրում Վենետիկը, այս դասընթացը, հայոց լեզուն, հայկական երգերը, իր հայ ընկերներին և սիրով ընդունում է նրանցից ոմանց կողմից իրեն ասվող Պարզանուշ անունը…
Յունաս Թունգրեն Լինդբերգը
Այս շվեդ երիտասարդը երկրորդ անգամ է մասնակցում դասընթացին։ Բացառիկ հակում ունի լեզուներ սովորելու։ Չլսված բան է, որ առաջին մակարդակից հետո, այն էլ մեկ տարի բացակայությունով հանդերձ, ուսանողը վերադառնա և դառնա երրորդ մակարդակի հետևորդ։ Մասնագիտությամբ պատմաբան Յունասը (որ իր հայերեն նամակները ստորագրում է Յովնան) ուսումնասիրում է Բյուզանդական կայսրության պատմությունը և նրա հարաբերությունները սահմանակից երկրների հետ. մասնավորապես հետաքրքրված է Կիլիկյան Հայաստանով, հայերին առնչվող լատիներեն ձեռագրերով…
Հայկ Սիմոնյան
Շվեյցարաբնակ Հայկ Սիմոնյանը 59 տարեկան է, Վենետիկ է եկել անգլուհի կնոջ և դեռատի դստեր՝ Լուսինեի հետ։ Արմատներով ամասիացի, ծնունդով կիպրահայ՝ կյանքի մեծ մասն ապրել է Լոնդոնում, որտեղ եղել է հեղինակավոր ՙՖայնենշըլ թայմսի՚ տնտեսական թղթակիցը։ Ասում է, որ վենետիկյան օգոստոսին ինքն ավելի շատ հայերեն է խոսել, քան անցած քսան տարիների ընթացքում։ Եվ որ որոշել է հայերեն գրել-կարդալ իմանալ, քանի որ որպես ընտանեկան ժառանգություն ունի Վիեննայում տպագրված մի հայերեն գիրք, ՙև մեր ընտանիքում պետք է մեկը լինի՞ վերջապես, որը կկարողանա կարդալ այդ գիրքը…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Վենետիկ-Երևան
orer.eu