Քեսաբում իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է. բնակչությունը պատրաստվում է խնձորի բերքահավաքին

Քեսաբում իրավիճակը բավական հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում տեղեկացրեց Սփյուռքահայության շտապօգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը` ավելացնելով, որ բնակիչները սեպտեմբերի սկզբին պատրաստվում են խնձորի բերքահավաքի: «Նախորդ տարի Քեսաբը զինյալների կողմից գրավելը և հողը չխնամելն իր հետևանքն է թողել խնձորի բերքի վրա, և այս տարին այնքան էլ բերքառատ չէ»,­- նշեց Մանճիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Քեսաբում նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված աշխատանքներ են տարվում: Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի կեսերին: Կարո Մանճիկյանը հույս հայտնեց, որ Քեսաբի նկատմամբ Թուրքիան կրկին դավադրություն չի կազմակերպի, և խաղաղ իրավիճակը հարատև կլինի:

Մանճիկյանի փոխանցմամբ` Քեսաբում Վերափոխման տոնը մեծ շուքով է նշվել և դրան մեծ թվով հալեպահայեր են մասնակցել: «Տեղի ուենցած արարողությունները Քեսաբի նախկին ուրախ օրերն են հիշեցրել»,-­ ասաց Մանճիկյանը:

Ինչ վերաբերում է Քեսաբում ջրի և էլեկտրականության խնդրին, Մանճիկյանը նշեց, որ Սիրիայի մնացած վայրերի համեմատությամբ իրավիճակն ավելի լավ է. ընդհատումներով, սակայն ջուր և էլեկտրականություն մատակարարվում է:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15­ի-ն, և բնակչության մեծ մասը վերադարձել է բնակավայր: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարանները, առանց բացառության, վնասներ էին կրել: Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-­ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները:

Scroll Up