ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Սուրբ Էջմիածնի Կրօնասեր տիկնանց համախմբին

Սիրելի´  տիկնայք,

Շնորհավորում եմ Սուրբ Էջմիածնի Կրօնասեր տիկնանց համախմբումի գործունեության մատյանի 3-րդ հատորի հրատարակման  առիթով:

Հայոց պատմության երկար դարերի հոլովույթում հայ կինը միշտ էլ եղել է ընտանիքի հենասյունը, իր զավակի հայեցի դաստիարակության երաշխավորը՝ սատարելով մայրենի  լեզվի, Հայոց Եկեղեցու և հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:

Անուրանալի է, որ Սուրբ Էջմիածնի Կրօնասեր տիկնանց համախմբումի ավելի քան կեսդարյա գործունեությունը Սփյուռքում եկեղեցասիրության և հայրենասիրության առհավատչյան է:

Երջանկահիշատակ Նորին Սուրբ Օծություն Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և աջակցությամբ հիմնվելով՝ Ձեր համախմբումը հանուն հայ ժողովրդի հավատավոր գոյության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության ու շենության տասնյակ տարիներ հաջողությամբ իրականացնում է բազմաթիվ խնդիրներ:

Խորհրդանշական է, որ համախմբումի գործունեության մատյանի 3-րդ հատորը հրատարակվելու է 2015-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համազգային և համապետական միջոցառումների տարում, որը վերածվում է համազգային ծրագրերի իրականացման և միասնաբար գործելու անհրաժեշտության գիտակցման նոր, ավելի բարձր հանգրվանի:

Հպարտ եմ, որ Սփյուռքում կան Ձեր նման համեստափայլ կանայք: Հուսով եմ, որ դուք կշարունակեք գործել նոր ուժով ու եռանդով և կխթանեք Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման ու էլ ավելի ամրապնդման գործընթացը:

Թո´ղ Աստված օրհնի և հովանի լինի Սուրբ Էջմիածնի Կրօնասեր տիկնանց համախմբումին՝ շարունակելու իրենց աստվածահաճո գործունեությունը ի փառս Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության, համայն հայ ժողովրդի բարօր կեցության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տիրասեր ծաղկումի:

 Խորին հարգանքով`

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up