Բնակիչները պահանջում են վերակառուցել Վանի հայկական հինավուրց վանքը

Վանի Բահչեսարայի շրջանում 2.400 մետր բարձրության վրա կառուցված և ճարտարապետական առումով հիացմունք առաջացնող Սուրբ Գևորգ վանքը, չնայած կողոպտվելուն, վերակառուցվելու և վերաբացվելու օրվան է սպասում, tert.amի- փոխանցմամբ՝ գրում է «Հայ թերթը»։

Հայերի համար կարևոր քաղաք է Վանը, այստեղ հայերից մնացած ժառանգությունն ամենից շատն է։

Բահչեսարայի շրջանում կառուցված այս վանքն էլ, չնայած իր ապրած հարյուրամյակներին, դեռ պահպանում է իր երբեմնի շքեղությունը։

Ժայռերը փորելով կառուցված այս վանքը ճարտարապետական առումով չափազանց կարևոր նշանակություն ունի։

Վանից Մյուքուս տանող միակ ճանապարհն այստեղով է անցնում, և այստեղ քրիստոնյա ու մուսուլման շատ այցելուներ են եղել։

Վանքի կառուցման ճշգրիտ ժամկետը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն կառուցել են Արծրունիները։

Բրիտանական թանգարանում պահվող և 1317 թվականին թվագրվող մի ձեռագրի տվյալներով՝ 14-րդ դարում այն Վասպուրականի ամենակարևոր դպրոցներից ու մշակութային կենտրոններից մեկն է եղել։

Ենթադրվում է, որ 15-րդ դարում դպրոցը փակվել է, սակայն վանքը շարունակել է գործել։ 1601 թվականին ժամատունը վերակառուցվել է և գործել է մինչև 1915 թվականը։

Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին կողոպտվել է և մինչև այժմ մնում է գանձ որոնողների ուշադրության կենտրոնում։ Դրա առջևի մասը դեռ կանգուն է, և տեղի բնակիչները կոչ են անում վերակառուցել այն և դարձյալ վերաբացել քրիստոնյաների համար։

Scroll Up