«Ապակե կախազարդը» The IndieFEST Film Awards-ում արժանացել է հատուկ մրցանակի

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում անցկացված The IndieFEST Film Awards մրցանակաբաշխությանը կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի՝ բարձր արժանիքների համար, հայտնում է «Արմենպրեսը»:
«Այս մրցանակաբաշխությունն առանձնանում է նրանով, որ մրցանակները տրվում են չորս անվանակարգերում՝ «Լավագույն շոու»-ի, «Վարպետության», «Բարձր արժանիքների» և «Ճանաչման» համար։ Եվ շատ ֆիլմեր ստանալով այս մրցանակները՝ երաշխիք են ստեղծում մասնակցելու Օսկարի և Էմմիի մրցանակաբաշխությանը, քանի որ ժյուրին կազմված է The IndieFEST Awards և Emmy մրցանակաբաշխության անդամներից»,-տեղեկացրել են Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը:
«Ապակե կախազարդը» մինչ այս մասնակցել էր Բուսանի, Կալկաթայի, Մոսկվայի, Մոնրեալի, Հյուստոնի, Լուիզվիլի և այլ միջազգային կինոփառատոններին և պատվով ներկայացրել Հայաստանը։