Քրդերը Թուրքիայի հարավ-արեւելքում պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/01105-300x226.jpg)
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի` թուրքական Կարսի նահանգով անցնող հատվածում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի կազմակերպման մեջ կասկածվում են Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) ապստամբները, հայտնում է News.am-ը:
Պայթյունը որոտացել է օգոստոսի 24-ի ուշ երեկոյան` Սարիղամիշ գավառում: Ենթադրվում է, որ հարձակմանը 20 ապստամբ է մասնակցել, հաղորդում է Daily Sabah-ը: Խողովակաշարով վառելիքի փոխանցումը դադարեցվել է, կրակի մարման աշխատանքներ են կատարվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է հուլիսի 20-ին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Սիրիայի հետ սահմանին իրականացված ահաբեկչական գործողության եւ հարավ-արեւելյան գավառներում ոստիկանների սպանություններից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ՔԲԿ-ը: Վերջին ամսվա ընթացքում քրդական ապստամբներին զոհ են գնացել տասնյակ ոստիկաններ եւ զինվորականներ: