ՀՀ ԵԿՄ ուխտագնացության շրջանակներում կօծվեն Արցախի տարածքում կանգնեցված Ջուղայի խաչքարերի բազմաթիվ կրկնօրինակները. լուսանկարներ

Օգոստոսի 21-ից մեկնարկել է ՀՀ Երկրապահ կամավորականների միության ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ:

Այդ մասին տեղեկացրել է Քաշաթաղի ,Մերանե պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:

Նրա հաղորդմամբ, ուխտագնացությունը, որը նվիրված է Արցախի Հանրապետության հռչակման և Գիտելիքի օրերին,  մեկնարկել է  Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից:

Նախօրեին, Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրում, կայացել է խաչքար- կոթողի կանգնեցման և օծման արարողություն:   Խաչքարը, որը Ջուղայում թուրք-բարբարոսների կողմից ոչնչացրած հազարավոր խաչքարերից մեկի կրկնօրինակն է,  օծել է Քաշաթաղի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետը:

Արարողությանը ներկա էին նաև  ՀՀ ԵԿՄ վարչության, Սյունիքի, Վայոց Ձորի մարզային խորհուրդների, Երևանի վարչական շրջանների բաժանմունքների, Քաշաթաղի ԵԿՄ և շրջվարչակազմի ներկայացուցիչներ:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, ողջունելով ուխտագնացներին, կարևորել է   ԵԿՄ-ի  դերը հայ ժողովրդի համար՝  հավելելով, որ հերթական ուխտագնացության արդյունքում իրականացվող ծրագրերից է շրջանի առաջին դասարան հաճախող աշակերտներին  դպրոցական պայուսակների ու գրենական պիտույքների տրամադրումը:

ՀՀ ԵԿՄ վարչության ներկայացուցիչ Օհան Գևորգյանն իր խոսքում  նշեց, որ   այս տարվա ուխտագնացության առանձնահատկությունն այն է, որ այն նվիրված է նաև Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին։ Այդ կապակցությամբ, Արցախի բոլոր շրջաններում ընդհանուր առմամբ 10 խաչքար է տեղադրվել, որոնց օծումը կկատարվի  ուխտագնացության շրջանակներում։ Ընդ որում՝ բոլոր վայրերում  տեղադրվել են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները։ Խաչքարերի տեղադրումը նախաձեռնել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Միջոցառումից հետո շրջվարչակազմի աշխատակազմին կրթության բաժնին են փոխացվել Քաշաթաղի դպրոցների այս ուսումնական տարվա առաջին դասարանցիների համար նախատեսված ավելի քան 200  դպրոցական պայուսակներ, որոնցում բացի գրենական պիտույքներից, ԵԿՄ նախագահ Մ. Գրիգորյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներն էին՝ ուղղված արցախցի դպրոցականներին: Այնուհետև ԵԿՄ ներկայացուցիչներն այցելել ու ծաղիկներ են խոնարհել  Բերձորի ,Երկրապահի պուրակե-ում, ինչպես նաև  զոհված ազատամարտիկ Վահան Զատիկյանին նվիրված պուրակում տեղադրված խաչքարերին:

ՀՀ ԵԿՄ Երևանի Ավանի տարածքային բաժանմունքի նախագահ Պետրոս Ամիրյանը տեղեկացրել է, որ ուխտագնացության շրջանակներում կայցելեն նաև Կովսական և  Որոտան քաղաքներ և այլ համայնքներ:

 

Scroll Up