Արցախում է Եվրոպական երիտասարդական պառլամենտի պատվիրակությունը. լուսանկարներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/ԱՐցախ.jpg)
Օգոստոսի 22-ից եռօրյա ճանաչողական այցով Արցախում են Եվրոպական երիտասարդական պառլամենտի ներկայացուցիչները:
Օգոստոսի 23-ին Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում ԵԵՊ ներկայացուցիչներին հանդիպել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մանրամասները՝ անդրադառնալով նաև Արցախի Հանրապետության կայացման ու պետականաշինության գործընթացներին, ժողովրդավարության ամրապնդման առումով ունեցած ձեռբերումները, ինչպես նաև հակամարտության կարգավորման հարցում արցախյան կողմի դիրքորոշմանը:
Այնուհետև, հանդիպմանը ներկա ԵԵՊ-ի ներկայացուցիչները արտգործնախարար Կ. Միրզոյանից հետաքրքրվել են ԼՂՀ պետականաշինության, միջազգային ճանաչման գործընթացի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, և Արցախում ժողովրդավարական համակարգի կատարելագործման մասին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի նախագահ Հովսեփ Պատվականյանը տեղեկացրեց, որ ճանաչողական այցի շրջանակում Արցախ են ժամանել 11 երկրի մոտ 60 ներկայացուցիչ: Նրա տեղեկացմամբ, Եվրոպական երիտասարդական պառլամենտը մի կառույց է, որը համախմբում է տարբեր ազգերի երիտասարդ ներկայացուցիչների՝ քննարկելու տարբեր խնդիրներ և առաջարկության տեսքով լուծումներ ներկայացնելու Եվրոպական և տեղական համապատասխան պետական կառույցներին:
Արցախում ԵԵՊ-ի պատվիրակները կայցելեն ու կծանոթանան պատմամշակութային վայրերին: Նախատեսված են նաև քննարկումներ ու ֆորումներ մշակութային, սոցիալ – տնտեսական և հասարակական – քաղաքական հարցերի շուրջ:
Այդ մասին տեղեկացրեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ, «Արցախակերտում» հասարակական կազմակերպության համանախագահ Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով ԵԵՊ-ի պատվիրակների այցն հնարավորություն է ընձեռում եվրոպական քաղաքականության մեջ ներգրավված ակտիվ երիտասարդներին ծանոթացնել Արցախի պատմությանը, մշակույթին և պետականաշինության գործընթացներին և նրանց միջոցով էլ ԼՂՀ-ի մասին օբյեկտիվ տեղեկատվություն տարածել աշխարհի շատ երկրներում: Բացի այդ ,Եվրոպական երիտասարդական պառլամենտի միջոցառումներում ընդգրկված են նաև արցախցի երիտասարդներ, ովքեր հնարավորություն ունեն կապ հաստատել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ՝ հետագա համագործակցության համար:
Նշենք, որ Եվրոպական երիտասարդական պառլամենտն իր ներկայացուցչություններն ունի մոտ 40 երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում: