Կայացել է «Արմենիա». Ծովից ծով» վավերագրական ֆիլմի արցախյան առաջնադիտումը. լուսանկարներ

Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ռեժիսոր Վահե Գևորգյանցի ՝ «Արմենիա». Ծովից ծով» վավերագրական ֆիլմի արցախյան առաջնադիտումը, որը նկարահանվել է՝ «Արմենիա» առագաստանավի և նրա անձնակազմի շուրջերկրյա նավարկության շրջանակներում: Այս մասին հայտնում է Artsakhpress.am-ը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձիք, արվեստասերներ, հյուրեր:

Ներկա էր նաև առագաստանավի և ֆիլմի ստեղծագործական անձնակազմը՝ գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի գլխավորությամբ:

Նախքան ֆիլմի ցուցադրությունը ներկայացնելով առագաստանավի անձնակազմին և ֆիլմի ստեղծագործական կազմին Արցախի հերոս, բժիշկ, արձակագիր, հրապարակախոս, Զ. Բալայանը հայտնեց, որ նավարկության ընթացքում ավելի շատ նկարահանումներ են կատարվել քան ներառվել է 3 մասերից բաղկացած ֆիլմում: Այնուամենայնիվ, ֆիլմում տեղ են գտել այն հիմնական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հայկական նավի շուրջերկրյա նավարկության ընթացքում:

Դեռևս 2009 թվականի մայիսի 28¬ին, մեկնարկելով Միջերկրական ծովի Վալենսիա նավահանգստից` «Արմենիա» առագաստանավն անցնելով 3 օվկիանոս, հինգ մայրցամաք, և շուրջ 80 հազար կիլոմետր, 2011 թվականի օգոստոսի 5¬ին նորից մտավ Միջերկրական ծով` դրանով իսկ, ավարտելով հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկությունը։ Նավարկության շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անունը կրող գիտարշավը նվիրված է եղել հայոց մայրերին։ «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ընթացքում բոլոր հինգ աշխարհամասերում գիտարշավի անձնակազմը հավաքել է հայկական պատմական և արդի բոլոր հուշարձանների վերաբերյալ տեղեկատվություն ։

Scroll Up