Թբիլիսիում հայ­-վրացական դպրոց է կառուցվում հազար աշակերտի համար

Թբիլիսիի Մետրոմշենի (Մետրոշին) խտաբնակ ավանում կառուցվում Է հայ­ վրացական թիվ 103 դպրոցը, որը նախատեսված է հազար աշակերտի համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-­ը, հաղորդել է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը: «103­-րդ դպրոցը հանրային դպրոցն ամենամասշտաբային նախագծերից մեկն է, ավելին, վերջին 20-­30 տարում նման մասշտաբի դպրոց չի կառուցվել»,­ հայտարարել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամարա Սանիկիձեն, որը տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին:

«Նախագիծը կարեւոր է, նկատի ունենալով այն, որ դա խառը դպրոց է, վրացական դպրոց, որտեղ կա բավականին մեծ հայկական հատված… Մենք առավելագույնս ջանում ենք օգնել էթնիկ փոքրամասնություններին, որպեսզի նրանք լիարժեք ու լավ ինտեգրվեն ուսումնական գործընթացին»,­ նշել է Սանիկիձեն: Նոր դպրոցը համապատասխանելու է ժամանակակից չափորոշիչներին: Նախագծի արժեքը շուրջ 5,5 մլն լարի է: Նոր դպրոցի կառուցման աշխատանքներն սկսվել են այս տարի եւ կավարտվեն եկող տարի:

Scroll Up