Ավանդական հարիսայով և թանգարանի վերաբացմամբ կնշվի Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակը

Կառուցումից շուրջ 40 տարի անց Մուսալեռան հերոսամարտի թանգարանում շինարարական և նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. թանգարանի անձնակազմը պատրաստվում է սեպտեմբերի 20-ին մեծ շուքով տոնելու հերոսամարտի 100-ամյակը: Այդ առիթով ամբողջությամբ փոխվելու է թանգարանի տեսքն ու ավելի քան 5000 ցուցանմուշները ներկայանալու են նորովի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մուսալեռան հերոսամարտի թանգարանի էքսկուրսավար Լուսինե Ոսկանյանը ասել է, որ հերոսամարտին նվիրված թանգարանի ցուցասրահը վերածվելու է խորհրդանշական նավի և հենց նավի տախտակամածում էլ ցուցադրվելու են մուսալեռցիների պատմությունները:

«Նավը Մուսալեռան հերոսամարտում շատ խորհրդանշական է, քանի որ մուսալեռցիները նավերով են փրկվել, և հենց այդ նպատակով որոշում է կայացվել հերոսամարտի ցուցասրահը ներսից վերածել նավի, որի վերևի հատվածում ցուցադրվելու են կարճամետրաժ ֆիլմեր հերոսամարտի և մուսալեռցիների մասին»,- ասել է Ոսկանյանը:

Հիմնովին փոխվելու է նաև Մուսալեռան հերոսամարտի Ազգագրության ցուցասրահը: Կոսմետիկ փոփոխություններից մինչև դիզայներական նոր լուծումներն առավել պատկերավոր կներկայացնեն մուսալեռցիները զբաղմունքներ, նրանց գործունեությունն ու նախասիրությունները:

«Թանգարանում շուրջ 5000 ցուցանմուշ կա: Դրանք բոլորն էլ թանգարանին են հանձնել մուսալեռցիները: Այստեղ կան գործիքներ, հրացաններ, ձեռագրեր, նամակներ ու նկարեր»,- ասել է Լուսինե Ոսկանյանը:

Ցուցասրահի ամենահին իրը կարի մեքենան է: Թանգարանի աշխատակիցներն այն անվանում են «գաղթական», քանի որ հերոսամարտից հետո էլ երկար ժամանակ այն ծառայել է տիրոջը, իսկ այնուհետև փոխանցվել թանգարանին: Թանգարանի մի անկյունում իր տեղն է ունենալու մուսալեռցիների տարազով մետաքսյա հարսանեկան զգեստը, մեկ այլ հատված էլ նվիրվելու է Ֆրանց Վերֆելին:

Երկու ցուցասրահները միմյանց կապելու է նորոգվող ճանապարհն ու այգին: Կառուցվելու է նաև ծաղկի տեսքով շատրվանը:

Մուսալեռան հերոսամարտին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ հուշարձանի մոտ տեղի կունենա ավանդական գառան հարիսայի պատրաստումը: Սեպտեմբերի 20-ին տեղի կունենան հիմնական միջոցառումները, այդ թվում թանգարանի բացման արարողությունը:

Scroll Up