Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել Զաբադանիում
Սիրիական բանակն օգոստոսի 17-ի առավոտյան լիբանանյան «Հըզբոլլահի» հետ նոր հաջողություններ է գրանցել Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանի քաղաքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համատեղ ուժերով Զաբադանի քաղաքում 46 շինություններն են ազատագրվել` այնտեղ ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների որջերի ոչնչացումից հետո: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` շարունակվում է ահաբեկիչների հետապնդումը Ալ Ջամիյաթ թաղամասից դեպի Աջյան և Ջիսր հրապարակներ, ինչպես նաև Մահատտա հրապարակից և Սաքր Բուրհան շրջանից դեպի քաղաքի կենտրոն: Աղբյուրի հաղորդմամբ` ամբողջությամբ ազատագրվել է Զահրա թաղամասը և Հարա ալ Ղարբիա շրջանը:
Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նախօրեին վերահսկողություն էր հաստատել Զաբադանի քաղաքի արևմտյան թաղամասի մի քանի շենքերի վրա, ինչպես նաև գրավել էր պայթուցիկ սարքավորումների գործարանը, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ ականներ, տարբեր չափերի պայթուցիկ սարքավորումներ: Սիրիական և լիբանանյան համատեղ ուժերը Զաբադանիում ահաբեկիչների դեմ պայքարն սկսել են հուլիսի սկզբից:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:
ՄԱԿի տվյալներով` սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը