Ռումինիայի Սուչավա քաղաքի հայկական եկեղեցում նշել են Աստվածածնի Վերափոխման տոնը

Ռումինիայի Սուչավա քաղաքում Հայոց Սբ Հաճկատար վանքում օգոստոսի 16-ին հարյուրավոր հավատացյալներ էին հավաքվել: Նրանք եկել էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանից օրհնություն ստանալու: Ինչպես Ռումինիայից, այնպես էլ այլ երկրներից բազմաթիվ ուխտավորներ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին գալիս են Սուչավայի Սբ Հաճկատար վանք` աղոթելու առողջության և երազանքների իրականացման համար:
Տաթև եպիսկոպոս Հակոբյանին Ռումինիայի Հայոց թեմի բոլոր հայ հոգևորականները և բազմաթիվ հավատացյալներ դիմավորեցին բլրի վրա: Սրբազան Հայրը, մինչև Սբ Պատարագ մատուցելը, տեղական ավանդության համաձայն թեմի բոլոր քահանանների հետ ծնկաչոք աղոթեց վանքի դռան առջև և մուտք գործեց վանք:
Սբ Պատարագին ներկա էին Սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Ազգային ժողովի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, հյուպատոս Արսեն Միքայելյանը, Արճեշի նահանգապետ Ֆլորին Տըկուն: Սբ Պատարագի ավարտին սրբազան հայրը օրհնեց խաղողը, որը բաժանվեց հարյուրավոր ուխտավորների:
Ռումինիայի հայ համայնքում հոգևոր օրերը տևեցին երեք օր. նախ ուրբաթ օրը Ռումինիայի Ռոման քաղաքում Տաթև սրբազանի, Վարուժան Ոսկանյանի, Վարուժան Փամբուկչյանի և դեսպան Համլետ Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Ռումինիայի Հայոց միության Ռոմանի մասնաճյուղի շենքի բացման արարողությունը: Թեմակալ առաջնորդը Տերունական աղոթքից հետո օրհնեց նոր շենքը և մաղթեց բարի և ազգանպաստ գործունեություն: Իսկ շաբաթ օրը Սուչավայի Հայոց Սբ Սիմեոն եկեղեցում Տաթև սրբազանի ձեռամբ օրհնվեց Հայաստանից բերված խաչքարը: Այն պատրաստված է հայ և ռումեն հավատացյալների կողմից և տեղադրվել է Սբ Սիմեոն եկեղեցու բակում՝ հայոց գերեզմանոցում:
Ամիսներ առաջ Սբ Սիմեոն եկեղեցու բակում եկեղեցու վերանորոգման աշխատանքների հետևանքով գտնվեց անհայտ մի գերեզմանոց: Գերեզմանոցը հայտնաբերելուց հետո Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ և նախաձեռնությամբ վերաթաղվման կարգ կատարվեց և տեղադրվեց վերոնշյալ խաչքարը եկեղեցու բակում: Երեկոյան Հայոց Սուրբ Խաչ եկեղեցում ուխտավորները պատրաստեցին ականջապուրը, որը Սբ Պատարագի ավարտից հետո որպես օրհնված մատաղ բաժանվեց հավատացյալներին: