Խաղաղության և բարեկամության խորհրդանիշ՝ Սպիտակ քաղաքում

Օգոստոսի14–ին Սոլնեչնոգորսկում լրագրողներին ներկայացվեց «Սովետական զինվորին» հուշարձանը. 3,5 մ բարձրությամբ բրոնզից քանդակը նվիրված է Հայաստանում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած զինվորներին: Այս մասին Մոսկվայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Ամալյա Իսայանը:
Հուշարձանը կյանքի է կոչվել «Ռուսական ռազմա-պատմական հասարակություն» համառուսական պետական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և «Սպիտակի հուշարձան» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Հուշարձանը ստեղծվել է ճարտարապետ Վադիմ Ֆռոլովի ղեկավարությամբ (քանդակագործ` Ալեքսանդր Միրոնով, դիզայներ`Սոֆյա Շլենկինա):
Քանդակը` զինվորը երեխան ձեռքին, համարվում է խաղաղության և բարեկամության խորհրդանիշը: Քանդակը պատրաստվում են փոխադրել Հայաստան, որի բացումը նախատեսված է 2015 թ դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակում:
«Այս քանդակը ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած զինվորների հավաքական կերպարն է, որն իր սեփական ձեռքերով փլատակների տակից հանել է մարդկանց: Զինվորի ձեռքին նստած երեխան՝ փրկված կյանքի խորհրդանիշն է,-ասաց Վադիմ Ֆռոլովը: