ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտում

Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությունը և հզորացնել Հայաստանի տնտեսությունը` որպես ամենաազատը տարածաշրջանում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը:

«Փոխշահավետ առևտրային կապերը կնպաստեն նաև ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև երկկողմ հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Ամենակարևորն այն է, որ դա կնպաստի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև օժանդակությունից դեպի առևտրի վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը»,- ասաց նա` հավելելով, որ հոկտեմբերին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարության համաշխարհային համագործակցության գրասենյակի (Secretary’s Office of Global Partnerships) պատվիրակությունը: Այն կհետազոտի ներդրումային հնարավորությունները վերականգնվող էներգիայի ոլորտում:

2005 թվականից ԱՄՆ հայ դատի հանձնախումբը կոչ է ուղղել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների առաջխաղացման համար: «ԱՄՆ պետքարտուղարությունը և էներգետիկայի դեպարտամենտը կոչ են արել ամերիկյան ներդրողներին, ովքեր հետաքրքրված են վերականգնովող էներգիայիով, հոկտեմբերին գալ Հայաստան և ներդրումներ կատարել այդտեղ»- ասաց Չուլջյանը:

Նրա խոսքով` ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները ԱՄՆ և Հայաստանի միջև հարկային նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ ամերիկյան ներդրողները, գործունեություն ծավալելով Հայաստանում, ստիպված չեն լինի կրկնակի հարկ մուծել: Դրա համար պետք է կնքել նոր համաձայնագիր: Այսօր գործող փաստաթուղթը բավարար չէ»:

Հայ դատի հանձնախումբը կապ է հաստատել ԱՄՆ առևտրի նախարարի հետ` հաջորդական քայլերը կատարելու և նման համաձայանագիր կնքելու նպատակով:

 

Scroll Up