«Դոգմա» խումբն անվճար համերգներով է հանդես գալու
«Դոգմա» ռոք խումբը օգոստոսի 20-31-ը համերգներով հանդես է գալու Հայաստանում և Արցախում: Վանաձորում, Գյումրիում, Սիսիանում, Ստեփանակերտում, Կապանում,Գորիսում և Արմավիրում կայանալիք համերգները լինելու են անվճար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին խմբի անդամները:
Խմբի երգչուհի Զառա Գևորգյանի խոսքով, իրենց համար ակտուալ խնդիր է այդ մշակույթը, կենդանի համերգն իր ամբողջ տեխնիկական ճիշտ մատուցմամբ ներկայացնել նաև մարզերում. «Գիտենք, որ մարզերի բնակիչները կարոտ են այդ տեսակ և հնչողության, և երաժշտության: Իրոք, այնտեղ շատ քիչ բան է կատարվում»:
Խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանն ասաց, որ հյուրախաղերի միջոցով փորձելու են աշխուժացնել մարզերի մշակութային կյանքը. «Սա լճացումից դուրս գալու փորձ է մեր կողմից»։
Նա նշեց, որ համերգները կազմակերպվելու են տեխնիկական ամենաբարձր մակարդակով, ելույթներն ուղեկցվելու են կենդանի ձայնով:
«Դոգմա» խմբի անդամները հույս ունեն, որ իրենց նախաձեռնած ծրագիրը նախադեպային կդառնա այլ խմբերի համար: