Մեղրի ու հատապտուղների փառատոնը կազմակերպիչները կայացած են համարում

Ավանդական դարձած Մեղրի և հատապտուղների փառատոնը կազմակերպիչները կայացած ու հաջողված են համարում: Բերդ քաղաքի Սորանի այգում 4-րդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնը Տավուշի զարգացմանն ուղղված ծրագրերից է:
Փառատոնի կազմակերպիչ «Տավուշ հոգևոր վերածնունդ հիմնադրամ»-ի տնօրեն Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փառատոնի հարատևության գաղտնիքներից մեկն այն է, որ այն ենթակառուցվածքային զարգացման նշանակություն ունի:
«Այն Տավուշի զարգացման մի մաս է` սկսած տուրիզմից, վերջացրած գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ, վերամշակմամբ, մշակույթի զարգացմամբ: Մենք փորձել ենք այս փառատոնի միջոցով խտացնել բոլոր կողմերը, որոնք դրված են զարգացման հայեցակարգում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հայկ Չոբանյանը: Նա ընդգծեց այն փաստը, որ տավուշցիները շատ հյուրընկալ են ու իրենց համար գերագույն հաճույք է փառատոնի շրջանակներում բազմաթիվ հյուրեր ընդունելը:
«Այս ժողովուրդը շատ կարոտ է նման օրերի: Ես որպես տավուշցի գիտեմ, որ մեր ժողովրդին ոգևորող ամենամեծ հանգամանքը հյուրընկալությունն է: Այսօրը հյուրաշատ ու երջանիկ օր է, քանի որ հազարավոր մարդիկ են գալիս»,ավելացրեց Հայկ Չոբանյանը: Զրուցակիցը խորհուրդ տվեց չառաջնորդվել այն հանգամանքով, որ Բերդը Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ շրջաններից է:
«Փառատոնը հայտնի է, բոլորը գիտեն, որ Մեղրի ու հատապտուղների փառատոնը Բերդում է անցկացվում: Պոպուլյար լինելու խնդիր չկա, ուղղակի հարցը նրանում է, որ մեր ժողովուրդը հաշվի է նստում այնպիսի հանգամանքների հետ, որ երկար ճանապարհ է, սահմանամերձ գոտի, վտանգ, որն իրականում չկա: Ես հավաստիացնում եմ, որ այդպիսի լուրերը պայթյունավտանգ են թվում դրսից, քան ներսից: Այստեղ ապրում է շատ խաղաղ ժողովուրդ»,ավելացրեց Հայկ Չոբանյանը:
Մեղրի և հատապտուղների փառատոնը համընկել է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի հետ, որը հատկանշական է դառնում նաև Խաղողօրհնեքով: Միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալաստանյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Սորանի այգում էր նաև ուխավորների խումբ` Տեր Տաճատ քահանա Դավիդյանի առաջնորդությամբ: Հոգևորականները խաղողօրհնեքի կարգ մատուցեցին, որից հետո օրհնված խաղողը բաժանվեց հավատավոր ժողովրդին: Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ օրը տոնական է Մարիամ, Սրբուհի, Երանուհի, Լուսինե անուններ ունեցողների համար:
Փառատոնին մասնակցում էին տեղի մեղվաբույծներ, հատապտուղների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող անհատներ և ընկերություններ: