Haberler. «Թուրքիան արագորեն աղքատանում է»

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, մեկ տարվա ընթացքում արժեզրկվել է 22 տոկոսով: Եթե նախորդ  տարվա համեմատ լիրայի արժեզրկումը կազմել է 22 տոկոս, ապա 6 ամիս առաջվա համեմատ այն արժեզրկվել է 15.5 տոկոսով, իսկ եռամսյա կտրվածքով՝ 9.3 տոկոսով: Այս մասին ըստ ermenihaber.am  կայքի՝ գրում է թուրքական «haberler» լրատվական կայքը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ  Թուրքիան գնալով աղքատանում է:

Կայքը ներկայացրել է ինֆլացիայի, արտաքին առևտրի, ներդրումների տեսանկյունից դոլարի ազդեցությունը:

Գնաճի շեմին

Թուրքական լիրայի արժեզրկման հատևանքով կբարձրանան ներմուծվող ապրանքների գները: Եթե մինչև հուլիսի 14-ը 5 դոլար արժողությամբ ապրանքի արժեքը կազմում էր 13.1 լիրա, ապա այժմ այն դարձել է 14.2 լիրա: Այս տարբերությունը գնաճի տեսքով կանդրադառնա սպառողների վրա: Գնաճը հատկապես անխուսափելի է բջջային հեռախոսների, հեռուստացույցի, ավտոմեքենայի, հեղուկ վառելիքի և այլ ներմուծվող ապրանքների դեպքում: Դոլարի աճը կհանգեցնի նաև բենզինի և մազութի գնաճին, ինչն էլ  աստիճանաբար  բացասաբար կազդի բոլոր ոլորտների վրա: Արտադրական ծախսի բարձրացմանը զուգընթաց սնունդը և մասնավորապես անհրաժեշտ սպառողական ապրանքների գները կբարձրանան: Այս համատարած գնաճը կավելացնի ինֆլացիան: Ըստ հաշվարկների՝ դոլարի 10 տոկոս արժևորման դեպքում ինֆլացիան ավելանում է 1.5 միավորով:

Բարդ իրավիճակ արտաքին առևտուրում

Եթե եվրոն նույնպես դոլարի համեմատ չարժեզրկվեր, փոխարժեքի տատանումները գուցեև արտահանողների համար գոհացուցիչ լինեին: Սակայն եվրոյի արժեզրկման պատճառով Թուրքիայի արտահանողները 2015-ի առաջին 7 ամիսների ընթացքում 8 միլիարդ դոլարի կորուստ են ունեցել: Աղբյուրը նշում է, որ արտահանվող ապրանքների արտադրության համար հումք է ներվուծվում, որի 50 տոկոսի առքը կատարվում է դոլարով: Այսինքն արտահանողը դոլարով ներմուծում է, եվրոյով արտահանում:

Scroll Up